«Մութ գործարքների մասին կասկածներն ու մնացած վերլուծությունները 7 ամսով ուշացած են». Աննա Հակոբյանի պարզաբանումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
««Ժպիտների քաղաք» հիմնադրամի կայքում նոյեմբերի առաջին օրերից տեղադրված է հիմնադրամի նվիրատուների ցանկը, եւ նրանց հանգանակած գումարի չափը:
Որքան հասկանում եմ, շատ պատահաբար ինչ-որ մի անհատ դա տեսել է, ֆեյսբուքում այդ մասին գրառում արել, եւ դարձրել այս օրերի լրահոսի թոփ թեմաներից մեկը: Ընդ որում, բոլոր ԶԼՄ-ների լուրերը սկսվում են հետեւյալ նախադասությամբ. «…հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը», եւ դա կարող է մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե ցանկն այսօր կամ երեկ է հրապարակվել:
Եւ….Ինչպիսի վերլուծություններ, մութ գործարքների մասին կասկածներ, արված նվիրատվությունների եւ հարկային պարտավորությունների կատարման/չկատարման մասին թափանցիկ ակնարկներ, օդում կախված լուրեր:
Ամեն ինչ նորմալ է, ցանկը հրապարակվել է, եւ մենք էլ որդեգրել ենք ծայրահեղ թափանցիկ գործելաոճ հենց այս պրոցեսի համար, որ լրագրողները մանրադիտակի տակ ուսումնասիրեն այն, որ բոլորն ամեն ինչ իմանան մեր մասին` ումից գումար ստացանք, ինչ արեցինք այդ գումարը, եւ այլն:
Նորմալ չէ այն, որ եթե ինչ-որ մի անհատ եւս չորս ամիս սույն ցանկը պատահաբար չհայտնաբերեր, այս շատ կարեւոր թեման հայկական մեդիադաշտին այդպես էլ հասու չէր լինի:
Ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա ցանկում նշված բոլոր խոշոր նվիրատվություններն արվել են հուլիսի վերջին «Մարիոթ» հուրանոցում կայացած գալա-ընթրիքի ժամանակ, կամ դրանից կարճ ժամանակ անց: Այնպես որ, տվյալ դեպքում բոլոր վերլուծություններն ու մութ գործարքների մասին կասկածները շուրջ 7 ամիս ուշացած են:
Հատուկ լրագրողների համար`
«Իմ քայլը» հիմնադրամի կայքը պատրաստ լինելուց հետո այնտեղ կզետեղվի նաեւ այս հիմնադրամի նվիրատուների ցանկը: Յուրաքանչյուրը կշահի, եթե առաջինը հայտնաբերի այդ «գանձը»: Չարժե մեր լրահոսի թոփ թեմային հավակնող «մատերիալը» թողնել անհատ քաղաքացիների կամ պատահականությունների հույսին :)»,- գրել է վարչապետի տիկինը տեղադրելով հիմնադրամի հղումը: