
ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին

Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության և բռնության կանխարգելման մասին։ Ընտանիքում բռնության կանխարգելմանն աջակցելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է:
Եթե քաղաքացին ընտանիքում բռնության է ենթարկվել, ապա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով տվյալ անձը կարող է զանգահարել թեժ գծի շուրջօրյա 116 հեռախոսահամարով կամ այցելել ինչպես Երևանի, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի ստորաբաժանումներ:
Պաշտպանի իրավասու ներկայացուցիչը քաղաքացուն կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն:
Կանանց նկատմամբ բռնությունը նրանց նկատմամբ խտրականության դրսևորման տարածված ձևերից է: Այս երևույթը տարածված է ամբողջ աշխարհում` ունի տարբեր դրսևորումներ և տարածվածության աստիճան: Այս ոլորտի վիճակագրությունը որևէ կերպ չի արտացոլում կանանց նկատմամբ ընտանիքում բռնության իրական պատկերը, քանի որ նրանք մեծ մասամբ գերադասում են լռել: Ընտանիքում բռնությունը համարվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Բռնությունը բացասաբար է անդրադառնում թե բռնության ենթարկված կնոջ, թե տղամարդու, թե բռնությանը ականատես և այդպիսի միջավայրում մեծացող երեխաների հետագա զարգացման վրա: Նշված իրավիճակը խարխլում է նաև ընտանեկան արժեքները: Ավելին` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնությունը, կնոջ ցածր ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքին բացասաբար է ազդում նաև երկրի տնտեսության վրա:
Առանց բռնության ընտանիքը երեխայի և հասարակության զարգացման երաշխիքն է: