Բաժիններ՝

 «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը կգործի մինչև 2019 թ. մարտի 1-ը

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրինագծում փոփոխությանը, որով երկարացվում է ժամկետը՝ քաղաքացիներին վերադառնալու դեպքում համապատասխան վճար մուծել, խուսափել քրեական պատասխանատվությունից և մեկնել ծառայության։

Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ առաջարկ է եղել, որ հաշվի առնելով, որ օրենքն ընդունվելու է մարտին, ժամկետը երկարաձգել ոչ թե մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, այլ մինչև 2019 թ. մարտի 1-ը, որպեսզի հունվար-փետրվարին ծնվածներն էլ կարողանան օգտվել այս հնարավորությունից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ մոտ 11 հազար մարդ կա դրսում, իսկ հարցին վերջնական դրական լուծում չեն կարողանում տալ. «Ոնց որ իմիտացիոն բնույթ լինի»։

Նա հիշեց, որ օրենքի ժամկետի վերջին երկարացման ժամանակ կառավարությունն առաջարկել էր 500 հազար բարձրացնել վճարը, սակայն պատգամավորներն ընդդիմացել էին, և 200 հազար էր դարձվել։

Գ.Գորգիսյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարն ասել է, որ ընդհանուր համակարգային լուծում են նախապատրաստում, բայց այս պահին այն դեռ չկա, իսկ քաղաքացիներ կան, որ ցանկանում են վերադառնալ ու չեն կարողանում՝ ծառայության հետ կապված խնդիրների պատճառով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 2003-ից մինչ հիմա օրենքի պարբերաբար փոփոխությունների արդյունքում 9800 մարդ վերադարձել է Հայաստան, այս պահի դրությամբ 27-35 տարեկան 3225 հետախուզվող մարդ կա։ Նա նշեց, որ 35 տարեկանից հետո քրեական հետապնդումը դադարում է։ Քոչարյանի կարծիքով՝ համակարգային լուծումն այնպիսին պետք է լինի, որ չվնասի զորակոչին ու երկրի անվտանգությանը։ Նա նշեց, որ ծնողներն են երեխաներին դուրս տարել, ապա նրանք հասել են զորակոչի տարիքի. «Պետք է գտնենք այնպիսի լուծում, որ պետության գերակա շահը բոլորի համար ընդունված լինի, և դրանով ենք առաջնորդվելու»։

«Էն ժամանակ գիտեինք՝ ոնց են անում՝ աերոպորտից, հոպ, բռնում-տանում էին, գիտեինք, ոնց էին ազատվում, տոմս էին առնում ու հետ գնում»,- նկատեց Ս.Միքայելյանը։

Ա. Քոչարյանի դիտարկմամբ՝ երիտասարդներին ետ վերադարձնելու ռեպրեսիվ ճանապարհներն էֆեկտիվ չեն լինի. «Մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ ծառայելը պատվաբեր է, իսկ չծառայելն՝ անպատվաբեր։ Կարծում եմ՝ այսօր որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀ-ում բան է փոխվել, և այսօրվա Հայաստանը թելադրում է այնպիսի օրակարգ, որ բանակից խուսափելը չի խրախուսվելու։ Եթե նախկինում պաշտոնատար անձինք, որ ունեին երեխաներ, ինչ-ինչ սողանցքներ էին գտնում, այսօր չկա այդպիսի թեմա, որովհետև հենց իշխանության պահանջն է, որ բոլորն օրենքի սահմաններում պետք է կատարեն իրենց պարտականությունները։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է հենց զորակոչին»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս