Բաժիններ՝

«Արսենալ»-ԲԱՏԷ. կլինի՞ սենսացիա

Առաջին խաղում ԲԱՏԷ-ն հաղթեց «Արսենալին»` դառնալով Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական սենսացիայի հեղինակը: Կկարողանա՞ լոնդոնյան ակումբը հաղթահարել մրցակցի արգելքը:

«Արսենալ»

«Արսենալը» սկսեց ընթացիկ մրցաշրջանը բավականին լավ` Ունայի Էմերին փորձում էր «Արսենալին» վերադարձնել Չեմպիոնների լիգա, և սկզբում ամեն ինչ գերազանց էր ընթանում: Սակայն մրցաշրջանի միջնամասում լոնդոնցիների մոտ սկսվեցին խնդիրները: Հիմա Ունայի Էմերիի թիմը 5-րդն է Պրեմիեր լիգայում և համառորեն պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտու համար: Վերջին տուրում  «Արսենալն» առանց մեծ դժվարությունների հյուրընկալվելիս հաղթեց «Հադերսֆիլդին» (2:1)` դրանով իսկ ընդհատելով երկու անընդմեջ պարտությունների շարքը:

«Արսենալը» բավականին հանգիստ դուրս եկավ խմբից, չպարտվեց ոչ մի խաղում, և ոչ մի մրցակից այդպես էլ չկարողացավ մրցակցություն ստեղծել Ունայի Էմերիի թիմի համար: Միայն «Սպորտինգն» էր, որ պայքարեց և կարողացավ խլել միավորներ լոնդոնյան թիմից՝ գոլազուրկ ոչ-ոքիի միջոցով:

Կարդացեք նաև

Չեմպիոնների լիգա լոնդոնցիները կարող են հասնել՝ նաև հաղթելով Եվրոպա լիգայում: Սակայն, ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղը ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում, որքան սպասվում էր: Մրցակիցը միանշանակ զիջում էր անգլիական գրանդին, սակայն կարողացավ համառել և հաղթել նվազագույն հաշվով:

«Արսենալը» պետք է  գոլեր խփի, սակայն այս խաղին բացակայելու է հարձակվողական ուժերից մեկը՝ Ալեքսանդր Լակազետը, ով նախորդ խաղում կարմիր քարտ ստացավ: Բացի այդ, այս խաղին չեն մասնակցի նաև Հեկտոր Բելերինը, Աարոն Ռեմզին և Ռոբ Հոլդինգը:

ԲԱՏԷ

ԲԱՏԷ-ն այնքան էլ հաջողակ չէր խմբային փուլում, բայց կարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Այս դժվարությամբ նվաճված ուղեգիրը կարող է դառնալ իսկապես հաջողակ բելառուսական թիմի համար: ԲԱՏԷ-ն հայտնվել էր բավականին անհարմար խմբում: L խումբն ուներ հետևյալ տեսքը՝ «Չելսի», ՊԱՕԿ, ԲԱՏԷ, «Վիդի»: Վերջին տուրից առաջ ԲԱՏԷ-ի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, մեղմ ասած, քիչ էին. պետք էր տանը հաղթել ՊԱՕԿ-ին: Ալեքսեյ Բագիի թիմը, սակայն, շատ վստահ հանդես եկավ և հաղթեց մրցակցին 3:0 հաշվով՝ դրա միջոցով նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր:

ԲԱՏԷ-ն արդեն դարձել է Բելառուսի չեմպիոն և հիմա պատրաստվում է Եվրոպա լիգայի խաղերին՝ ընկերական խաղերի միջոցով:

Փլեյ-օֆֆի առաջին խաղից առաջ միայն հավատարիմ երկրպագուներն էին հավատում ԲԱՏԷ-ի հաջողությանը, սակայն Ստանիսլավ Դրագունի՝ տուգանային խփած գոլը դարձավ սենսացիոն: Այս խաղում ակտիվորեն պաշտպանվելու և երբեմն-երբեմն հակագրոհելու միջոցով ԲԱՏԷ-ն կարող է շրջանցել լոնդոնցիներին:

Բացի այդ, ԲԱՏԷ-ն չունի խնդիրներ հիմնական կազմի հետ:

«Արսենալն» ապտակ ստացավ ԲԱՏԷ-ից Բելառուսում: Սա լոնդոնյան ակումբի համար սթափեցնող կոչ էր, քանի որ կար տպավորություն, որ լոնդոնցիներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Եվրոպա լիգային:

«ԲԱՏԷ-ն շատ մեծ մոտիվացիա ունի այս խաղի համար: Մեզ համար կարևոր է մրցաշարի այս փուլը, այնպես որ, մենք նույնպես ունենք շատ մեծ մոտիվացիա: Եվրոպա լիգան կարևոր է մեզ համար»,- ասել էր Ունայի Էմերին:

Ամեն դեպքում, Եվրոպա լիգայի միջոցով Չեմպիոնների լիգայում հայտնվելը հիմա ավելի հավանական է թվում, քան Պրեմիեր լիգայի քառյակում լինելը:

Սեփական հարկի տակ մեկ գոլ խփելը ԲԱՏԷ-ին չի տալիս զգալի առավելություն, սակայն, ամեն դեպքում, կարող է լուրջ խոչընդոտ դառնալ: Էմերիի սաները պետք է նոր բան առաջարկեն՝ ցույց տալով, որ իրենց մակարդակը միայն գեղեցիկ փոխանցումներ անելը չէ:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ»-ԲԱՏԷ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս