
Դեսպան Բալայանը հանդիպում է ունեցել Ամստերդամի եպիսկոպոսի հետ

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ փետրվարի 20-ին այցելել է Հաարլեմ, որտեղ հանդիպում է ունեցել Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանն ընդգծել է 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։
Ամստերդամի եպիսկոպոսին ներկայացվել է «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվել դրա շնորհանդեսի համատեղ կազմակերպման հնարավորությունը։
Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունել է նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը։