
ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն սկսել են աշխատել առևտրական գործարքի կոնկրետ ասպեկտների շուրջը. Reuters

Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել առեւտրական գործարքի կնքման կոնկրետ ասպեկտների քննարկմանը, որը պետք է վերջ դնի երկու պետությունների միջեւ արդեն ավելի քան կես տարի շարունակվող առեւտրական պատերազմին: Բանակցությունների մանրամասները փետրվարի 20-ին ներկայացրել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ աշխատանք է տարվում պետությունների միջեւ փոխըմբռնման վեց հուշագրի վրա, որոնք վերաբերում են տեխնոլոգիաների հանձնմանը եւ կիբեռխարդախությանը, մտավոր սեփականության իրավունքներին, ծառայությունների, արժութային կարգավորման, գյուղատնտեսության, ինչպես նաեւ առեւտրի կարգավորման ոլորտներին:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ անցյալ շաբաթ Պեկինում կայացած կոնսուլտացիների ժամանակ ամերիկյան եւ չինական կողմերի ներկայացուցիչները քննարկումներ են վարել այն դրույթների շուրջը, որոնք կբովանդակեն այդ վեց փաստաթղթերը:
Բացի դրանից, նշվում է, որ կողմերն առարկայորեն քննարկում են 10 կատեգորիաների այն ապրանքների ցանկը, որոնք հեռանկարում Չինաստանն ավելի մեծ ծավալով կգնի պետությունների միջեւ առեւտրական պակասուրդի կրճատման համար: Տվյալ դեպքում խոսքը գլխավորապես վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին, էներգակիրներին եւ կիսահաղորդիչներին: Այս շաբաթ Վաշինգտոնում Չինաստանի պատվիրակությունը մասնակցում է ամերիկյան կողմի հետ վեճերի կարգավորման առեւտրական բանակցությունների հերթական փուլին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: