
ԱՄՆ-ը պատրաստ է մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք է առաջինն ընդառաջող քայլեր անեն։
«ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռեւս մնում են: Ես կցանկանայի վերացնել դրանք, բայց նախ պետք է ընդառաջ քայլեր տեսնեմ մյուս կողմից»,- փետրվարի 20-ին ասել է Միացյալ Նահանգների ղեկավարն Սպիտակ տանը լրագրողների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:
«Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շատ մեծ տնտեսական ներուժ ունի իր դիրքի շնորհիվ՝ շուրջը Ռուսաստանն է, Չինաստանը եւ Հարավային Կորեան: Կարծում եմ, որ նա (Կիմ Չեն Ունը) դա հասկանում է»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
«Չեմ կարծում, թե դա լինի մեր վերջին հանդիպումը: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասել է Թրամփը ղեկավարների երրորդ գագաթնաժողովի հեռանկարների մասին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ունի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ից 28-ը Վիետնամի մայրաքաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: