Ընդդեմ բուքմեյքերների՞, թե՞ տնտեսության. Ալեն Սիմոնյանի նախագծի ռիսկերը
Վերջին շրջանում շատ է քննարկվում բուքմեյքերական գործունեությունն արգելելու կամ այդ ոլորտում սահմանափակումներ մտցնելու մասին օրենքի նախագիծը:
Ամենավիճահարույց կետը մի քանի քաղաքների վարչական տարածքներում բուքմեյքերական գործունեություն ծավալելու սահմանափակումն է: Մի քանի մտորում և առաջարկ՝ վերջինիս վերաբերյալ. Տվյալ ոլորտում գործունեություն ծավալում են 5 ընկերություններ:
Ոլորտում գործունեություն ծավալու համար լիցենզիայի պետական տուրքը կազմում է տարեկան 500 մլն դրամ և հավելյալ 500 մլն դրամ՝ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու համար:
Ընդհանուր առմամբ, այս 5 կազմակերպությունները վճարում են`
ՎԻՎԱՌՈ՝ 495
ՏՈՏՈ՝ 303
ԳՈՒԴՎԻՆ՝ 143
ԵՎՐՈ ՖՈՒՏԲՈԼ՝ 101
Մեկ միլիարդ եկամտահարկ վճարվել է միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում և 3,5 միլիարդ դրամ՝ լիցենզիայի պետական տուրք: Արդյունքում ստացվում է 4,5 միլիարդ դրամ, չհաշված՝ աշխատակիցների սոց.վճարներն ու այլ հարկերը, ինչպես նաև, գալիք 6 ամիսների ընթացքում վճարման ենթակա գումարները:
Այսպիսով, որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք, թե ինչպիսի խնդիրների լուծմանն է համարժեք տարեկան 5-5,5 միլիարդ դրամը՝ բերեմ ակնառու օրինակներ.
- 5 միլիարդ դրամը՝ դա տարեկան 500 անօթևան ընտանիքների կացարաննների գումարն է:
- 5 միլիարդ դրամը՝ դա մոտ 16 000 նպաստառուի տարեկան նպաստն է:
- 5 միլիարդ դրամը՝ դա 2 000 պայմանագրային զին.ծառայողի տարեկան աշխատավարձն է:
Միջին տվյալներով, սփյուռքում ապրում է 8-10 մլն հայ: Ամեն տարի, հայկական ընդհանուր բարեգործական միության կողմից կազմակերպված տելեթոնի ընթացքում հավաքագրվում են գումարներ, մասնավորապես՝ 2017 թվականին հավաքագրվել է մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ մոտավորապես նույն չափի գումար՝ ինչ բուքմեյքերական ընկերություններից հավաքագրվածը:
Բացի այս, միջին տվյալներով, ոլորտում աշխատում են 4000-6000 աշխատակիցներ, ընդ որում՝ միջին և միջինից բարձր աշխատավարձերով: Իսկ գործունեության արգելման պարագայում կորստի ամբողջ ծավալով ազդեցությունը տնտեսության վրա՝ ուղղակի անհնար է ներկայացնել՝ տարածքների վարձակալություններ, գովազդ, տուրիզմ և այլն:
Ի՞նչ պատճառաբանություններ են բերում օրինագիծը պաշտպանողները: Վերջիններս բաժանվում են 2 խմբի.
1. առաջին խումբն առաջ է բերում սոցիալական կոմպոնենտը,
2. երկրորդ խումբն առաջ է բերում միջազգային փորձը:
Երկրորդ խմբում ընդգրկվածներն ամենաանտեղյակն են: Աշխարհում չգիտեմ մեկ զարգացած երկիր, լինի դա՝ եվրոպակա՛ն, թե՛ ամերիկյան, որտեղ արգելված լինի բուքմեյքերական գործունեությունը: Օրինակները բազում են՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Չեխիա:
Եթե որևէ մեկը կարող է մտածել, թե այս վերոհիշյալ երկրներում առկա չեն սոցիալական խնդիրներ, ինչպիսիք ունի Հայաստանը, ապա կարծրատիպը կոտրելու համար բերեմ մի քանի երկրների օրինակներ, որոնք ունեն նույն խնդիրները՝ Ուկրաինա, Վրաստան, Ռուսաստան, Ղազախստան: Ի դեպ, վերոթվարկյալ երկրներում ոլորտի կարգավորումներն ավելի ազատ են, քան հայաստանյան գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները (որպես օրինակ՝ Վրաստանում քաղաքի կենտրոնում գործում են բազմաթիվ խաղատներ):
Վերադառնանք առաջին խմբում ընդգրկվածներին, ովքեր որպես արգումենտ են բերում սոցիալական կոմպոնենտը: Պատճառաբանությունները բազմաթիվ են, այդ թվում՝ ընտանիքներ են կազմալուծվում, խաղացողները պարտքերի ծանր բեռի տակ են հայտնվում և այլն:
Ազգային Ժողովում իր վերջին ելույթներից մեկում Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդպիսի խնդիրներ Հայաստանում ունեն 2000-3000 հոգի:
Անկեղծորեն ասեմ, չգիտեմ, թե որտեղի՞ց են վերցված այս տվյալները:
Եկեք նույն տրամաբանությամբ շարժվենք և արգելենք ալկոհոլային խմիչքների վաճառքը և մտցնենք խորհրդային տարիներին կարճատև գործող «Չոր օրենքը» (сухой закон):
Իմ կարծիքով, ոչ մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ ալկոհոլի պատճառով ավելի շատ ընտանիքներ են կազմալուծվում, ալկոհոլիզմն առավել վնասակար է օրգանիզմի համար և այն կործանիչ երևույթ է, քան բուքմեյքերական խաղերը:
Եկեք միջազգային փորձն ընդօրինակելով, ընդունենք Պարսկաստանում ու Սաուդյան Արաբիայում գործող օրենքն ու արգելենք ալկոհոլի օգտագործումը Հայաստանում: Ինչո՞ւ՝ ոչ: Սակայն, օրենքը շրջանցելու տարբերակը կլինի այն, որ ողջ ազգով կմեկնենք հարևան երկիր՝ Վրաստան՝ ալկոհոլի քաղցը հագեցնելու համար:
Միջազգային հեղինակավոր ընկերությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի ցանկացած երկրում, բոլոր ազարտայյին խաղերով հետաքրքրված մարդկանց 3-4%-ն ունեն հոգեկան շեղումներ, այլ կերպ ասած՝ խաղամոլությամբ են տառապում: Դա մի երևույթ է, որ ուզես թե չուզես՝ կա և արգելելով խնդիրը չի լուծվում:
Դրա վառ օրինակներից են՝ բանակն ու ազատազրկման վայրերը:
Բոլորիս էլ հայտնի է, որ ո՛չ բանակում, ո՛չ էլ ազատազրկման վայրերում կազինոներ և բուքմեյքերական գրասենյակներ չկան, սակայն երևույթը, միևնույն է, առկա է, պարզապես՝ այլ ձևաչափով:
Վերջինիս մասին շատ լավ քաջատեղյակ է Ալեն Սիմոնյանը, քանի որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նա այդ հարցն ուղղեց արդարադատության նախարարին: Կան նույն պարքերը, կան նույն խնդիրները և արգելելով խնդրին լուծում չի տրվի: Եթե արգելվի բուքմեյքերական գործունեությունը, այդ խնդիրներն ունեցող մարդիկ, միևնույն է՝ դարձյալ խաղալու են:
Չլինեն բուքմեյքերական գրասենյակները, բակերում բլոտ ու նարդի կխաղան: Չխոսեմ այն մեծ հավանականության մասին, որ կառաջանան ստվերային կետեր՝ խաղադրույքները զանգով ընդունելու միջոցով՝ տներում նստած: Նման պրակտիկա, նույնիսկ հիմա գոյություն ունի: Եվ, ուրեմն, ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի այս մարդկանց իրականում գոյություն ունեցող խնդիրը հնարավորինս նվազեցվի (հաշվի առնելով միջազգային փորձը).
1. Խիստ սահմանափակվի կամ առհասարակ արգելվի շահումով խաղերի և խաղատների գովազդը.
2. Ստեղծվի մի ընդհանուր ֆոնդ, որում տարեկան վճարումներ կկատարեն ոլորտի բոլոր շահառու ընկերությունները: Ֆոնդը կսպասարկի վերականգնողական կենտրոնի՝ ներգրավված հոգեբաններով և մասնագետներով, որտեղ հոգեբանական օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, ովքեր խաղամոլության հետ կապված հոգեբանական խնդիրներ ունեն:
Ի դեպ, հնարավորության դեպքում, այդ Կենտրոնում բուժօգնություն ստանալը կարելի է պարտադրել դատարանի որոշմամբ (անկեղծ ասեմ, ինքս չգիտեմ, իրավաբանորեն սա իրագործելի՞ է, թե՞ ոչ):
3. Մտցնել սահմանափակումներ՝ բուքմեյքերական կետերի գտնվելու վայրերի մասով, ինչպես օրինակ՝ դպրոցներից, հիվանդանոցներից, մանկապարտեզներից որոշակի հեռավորություն ապահովելու պայմանով:
4. Խստացնել Հարկային Օրենսգրքի տվյալ ոլորտին առնչվող դրույթներն ու մեծացնել պետական վերահսկողության լծակները: