Ո՞ւր է տնտեսության տրանսֆորմացիան

Մինչև տնտեսական հեղափոխություն հռչակելը Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տրանսֆորմացիայի մասին։ Թե որքանո՞վ է տնտեսությունը ենթարկվել տրանսֆորմացիայի, դժվար չէ համոզվել։

Մշակող արդյունաբերության աճը, որը ոչ վաղ անցյալում ներկայացվում էր՝ որպես տնտեսության տրանսֆորմացիայի գործընթացի սկիզբ, ամենևին էլ այդպիսին չէ։ Տնտեսության այս ճյուղում իսկապես որոշակի աճ կա։ Սակայն դա որևէ կապ չունի տրանսֆորմացիայի հետ։

Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործընթացները շատ ավելի ակտիվ էին մինչև իշխանափոխությունը։ Դրանք սկսվել էին դեռևս 2017թ.։

Այնպես որ, եթե նույնիսկ ընդունենք, որ տնտեսության մեջ տրանսֆորմացիա է տեղի ունենում, ապա պետք է համարենք, որ դա սկսվել է ավելի վաղուց։ Թեև նույնիսկ այդ պարագայում տեղին չէ խոսել տնտեսության տրանսֆորմացիայի մասին։

Մշակող արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Այս հատվածում ձևավորվում է արդյունաբերական արտադրանքի գրեթե մեկ երրորդը։

Անցած տարի մշակող արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 1,1 տրիլիոն դրամ։ Աճը նախորդ տարվա համեմատ՝ հասնում է 10 տոկոսի, ինչը վատ ցուցանիշ չէ։ Թերևս դա էլ հիմք է տվել մտածելու, որ տնտեսության մեջ և հատկապես արդյունաբերության ոլորտում սկսվել է տրանսֆորմացիայի գործընթացը։

Մշակող արդյունաբերության տեսակարար կշիռն անցած տարի իսկապես ավելացել է։ Խոսքը գրեթե 3,7 տոկոս աճի մասին է։ Բայց դա պայմանավորվել է ոչ այնքան՝ ոլորտի զարգացումներով, որքան՝ հանքարդյունաբերության ճյուղում տեղի ունեցող բացասական պրոցեսներով։

Հանքարդյունաբերության մեջ անցած տարի արտադրության ծավալները 14 տոկոսով կրճատվել են` պայմանավորված ոլորտի նկատմամբ ձևավորված անհանդուրժողականությամբ, Թեղուտի հանքի շահագործման հետ կապված խնդիրներով և Վանաձորի պղնձաձուլարանի գործունեության դադարեցմամբ։ Թերևս դա էլ հանգեցրել է արդյունաբերության մեջ մշակող ճյուղի տեսակարար կշռի ավելացմանը։

Որքան էլ ընդունենք, որ դրա հետևանքով տեղի է ունեցել արդյունաբերության կառուցվածքի որոշակի փոփոխություն, այնուհանդերձ դա ամենևին էլ այն չէ, ինչը նախընտրելի է։ Այսպիսի «տրանսֆորմացիոն» փուլեր Հայաստանի տնտեսությունը մեկ անգամ չէ, որ անցել է։ Սակայն դրանից տնտեսությունն այնքան էլ չի շահել։ Ունենք այն, ինչ ունենք։

Ի տարբերություն հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերության ոլորտում անցած տարի դրական զարգացումներ դիտարկվել են։ Այնուհանդերձ միտումներն ամենևին էլ այնպիսին չեն, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։ Աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նույնիսկ ավելի ցածր է։ 2017թ. նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալը ավելացել էր 15,7 տոկոսով, ինչը 5,7 տոկոսային կետով բարձր է 2018թ. նկատմամբ։ Աճի տեմպով այն գերազանցել էր նույնիսկ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումները, ինչը մինչև վերջերս ընդունված էր համարել Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։

Այսպես շարունակվելու դեպքում գուցե թե մի քանի տարի հետո հնարավոր լիներ խոսել տնտեսության տրանսֆորմացիայի մասին։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այժմ, շատ վաղ է տնտեսության տրանսֆորմացիա համարել։

Մշակող արդյունաբերության ներքին կառուցվածքում տեղի ունեցող դրսևորումներն անցած տարի արտառոց չէին։ Առանձին ճյուղերում աճի տեմպերը զգալիորեն զիջեցին 2017թ. մակարդակը։

Այսպես` նախորդ տարվա 34 տոկոսի դիմաց խմիչքների արտադրությունը 2018թ. ավելացել է ընդամենը 0,9 տոկոսով։ Թեև պահպանվել է ծխախոտի արտադրության աճը, այնուհանդերձ այն ևս աճի տեմպով էապես զիջել է նախորդ տարվա մակարդակը։ Եթե 2017թ. ծխախոտի արտադրությունն ավելացել էր 18,7, ապա անցած տարի` հազիվ 8,4 տոկոսով։

Մանածագործական արտադրատեսակների արտադրությունը 2018թ. ավելացել է՝ 77, հագուստինը` շուրջ 41 տոկոսով։ Աճն իսկապես ռեկորդային է, հատկապես՝ մանածագործական արտադրատեսակների արտադրության ոլորտում։ Բայց դրա տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ դեռևս շատ փոքր է։ Անցած տարի արտադրության ծավալը կազմել է ընդամենը 1,1 մլրդ դրամ։ Դրանով հանդերձ, ակնհայտ է, որ թեթև արդյունաբերության ճյուղը իսկապես բավական լավ տեմպ է վերցրել։ Սակայն այնպես չէ, որ դա նոր է սկսվել։ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ ինչպես մանածագործական արտադրատեսակների, այնպես էլ՝ հագուստի արտադրությունը համալրվել էր ավելի քան 34 տոկոսով։

Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը 2017թ. ավելացել էր՝ գրեթե 25, անցած տարի՝ 43 տոկոսով։ Դեղագործական արտադրանքի աճը 2017թ. կազմել էր՝ ավելի քան 16, 2018թ.՝ 0,6 տոկոս։

Էլեկտրական սարքավորումների արտադրությունը, որը նախորդ տարի 2,3 անգամով ավելացել էր, 2018թ. կրճատվել է ավելի քան 20 տոկոսով։ Անցած տարի 17 տոկոսանոց աճ է գրանցվել ոսկերչական արտադրության ոլորտում, բայց այն զգալիորեն զիջել է 2017թ. մակարդակը՝ ավելի քան 35 տոկոս։ Եվ սա՝ այն դեպքում, երբ գործող կառավարությունն այն համարում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։

Այս ցուցանիշներն անշուշտ վկայում են, որ մշակող արդյունաբերության ոլորտում առկա են դրական զարգացումներ։ Բայց միտումներն ամենևին էլ նոր չեն սկսվել։ Ընդհակառակը՝ նախկինում դրանք գտնվում էին շատ ավելի լավ մեկնարկային վիճակում։ Անցած տարի առանձին արտադրատեսակների առումով նկատելի է աճի տեմպի բավական կտրուկ դանդաղում։

Թեև կան նաև արտադրատեսակներ, որտեղ միտումներն ավելի դրական են եղել։ Ամեն դեպքում, դրանք բավարար հիմքեր չեն տալիս խոսելու տնտեսության մեջ կառուցվածքային լուրջ վերափոխումների մեկնարկի մասին։

Տնտեսության տրանսֆորմացիան չափազանց բարդ և երկարատև գործընթաց է, որը կարող է տեղի ունենալ տարիների ընթացքում՝ մշակված հեռանկարային ծրագրերի իրականացման և հետևողական աշխատանքի արդյունքում։ Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում այսօր դժվար է խոսել նման ծրագրերի մասին։ Ինչքան էլ Հայաստանի տնտեսությունն իսկապես լուրջ տրանսֆորմացիայի կարիք ունի, դա չի կարող լինել առանձին ոլորտներում արհեստական շոկեր ստեղծելու ճանապարհով։

Հռչակված տնտեսական հեղափոխությունը ևս հիմք չի տալիս խոսելու տնտեսության տրանսֆորմացիայի մասին։ Դրա համար առայժմ բավարար պայմաններ չկան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս