«Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան երկրների հետ». Զոհրաբ Մնացականյան

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը:

Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման հեռանկարները՝ ուղենշելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Որպես համագործակցության գերակա ուղղություն առանձնացվեցին թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները: ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու տվյալ ոլորտներում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին՝ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համախմբումը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

Տեսանյութեր

Լրահոս