«Բարսելոնան» չի պատրաստվում երկարաձգել Ռակիտիչի պայմանագիրը
«Բարսելոնան» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ:
Անցյալ ամռանը 30-ամյա կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել ՊՍԺ-ն, որը պատրաստ էր կրկնապատկել ֆուտբոլիստի աշխատավարձը:
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն համոզել էր խորվաթ ֆուտբոլիստին մնալ կատալոնական ակումբում:
Ռակիտչը հույս ուներ, որ «Բարսելոնան» իրեն կառաջարկի բարձրացնել աշխատավարձը: Սակայն, ակումբը չի արձագանքել ֆուտբոլիստի ցանկությանը: Նրա հետ պայմանագրի երկարաձգումը չի ընդգրկվում կատալոնացիների ծրագրերում:
Իվան Ռակիտիչն ակնարկել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը:
«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ, և ասում եմ դա նորից ու նորից: Սիրով կմնամ «Բարսելոնայում», եթե առաջարկեն: Եթե հաջողվի երկարաձգել պայմանագիրս, շատ լավ կստացվի:
Ես շատ երջանիկ եմ այստեղ: Բոլորը գիտեն այդ մասին, այդ թվում՝ նախագահը: Ուրիշ ասելու բան չկա:
Ակնարկել եմ ակումբի նախագահին՝ Բարտոմեուին, իմ պայմանագրի երկարաձգման մասին:
Ես 30 տարեկան եմ, ես իմ կարիերայի պիկին եմ: Ուզում եմ վայելել դա և խաղն այստեղ»,- ասել է Ռակիտիչը:
Ֆուտբոլիստն ունի ակումբի հետ պայմանագիր մինչև 2021 թվականը:
Սիրարփի Աղաբաբյան