Բաժիններ՝

«Հայաստանից անօրինական ֆինանսական հոսքերի նվազման միտում կա». GFI

Global Financial Integrity (GFI) միջազգային հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «148 զարգացող երկրներ և դրանցից ոչ օրինական ֆինանսական հոսքեր. 2006-2015» զեկույցը: Այն 8-րդն է 2008 թվականից ի վեր հրապարակվող զեկույցների շարքում։

Եթե նախկինում դիտարկվում էին ամբողջ աշխարհի հետ առևտրային ցուցանիշները, ապա այս դեպքում GFI-ն իր գնահատականներն առաջին անգամ տալիս է Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշերով զարգացած երկրների հետ զարգացող և դեռևս ձևավորման փուլում գտնվող շուկաներ ունեցող երկրների առևտրի տվյալների հիման վրա։ Սա ավելի հավաստի է դարձնում ներկայացվող փաստերը։

Զեկույցը վերաբերում է 2006-2015թթ. ժամանակաշրջանին, այսինքն՝ վերջին տասնամյակին, որի վերաբերյալ առկա են ամբողջական ցուցանիշներ։ Այս զեկույցն աչքի է ընկնում նրանով, որ հեղինակներն ընդլայնել են բազան՝ օգտագործելով ՄԱԿ-ի, ինչպես նաև՝ ԱՄՀ-ի տվյալները։

Ֆինանսական հոսքերը «ոչ օրինական» են համարվում այն դեպքում, երբ դրանք ձեռք են բերվել, օգտագործվել կամ հատել են որևէ միջազգային սահման անօրինական միջոցներով։

Հեղինակներն ընդգծում են, որ առևտրի հետ կապ ունեցող ապօրինի ֆինանսական հոսքերը զգալի են և կայուն բնույթ ունեն զարգացող երկրների դեպքում, այդ թվում՝ Հայաստանի, և առևտրային խարդախությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ զարգացող երկրների կայուն և արդար զարգացման համար:

Նախքան Global Financial Integrity-ի նոր զեկույցին անդրադառնալը՝ հիշեցնենք նախորդը։

Ըստ այդմ՝ 2014 թվականին Հայաստանի ապօրինի արտահոսքը կազմել էր այդ տարվա արտաքին առևտրի 8%-22%-ը։ Արտաքին առևտրի չափը զեկույցում նշված էր 5 մլրդ 921 մլն դոլար։ Այսինքն, ըստ GFI-ի զեկույցի, 2014թ. Հայաստանից եղել էր 474 մլն դոլարից մինչև 1.3 մլրդ դոլարի ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսք։ 2005-2014թթ. համար՝ 10 տարվա կտրվածքով, ապօրինի արտահոսքը գնահատվել էր 9%-21%, այսինքն՝ 4.3-10 մլրդ դոլար (արտաքին առևտուրն այդ ընթացքում կազմել էր 47.7 մլրդ դոլար)։

Եվ ուրեմն՝ ի՞նչ է փաստում նոր զեկույցը։ Զարգացող երկրների հետ Հայաստանի փաստացի առևտրային հոսքերը 2015 թ., ըստ GFI-ի, կազմել են 1 մլրդ 351 մլն դոլար։ Ընդհանուր ապօրինի ֆինանսական հոսքերը գնահատվում են 457 մլն դոլար, որից ՝ 153 մլն դոլարը եղել է ներհոսք, իսկ 304 մլն դոլարը՝ արտահոսք։

Ուշագրավ է, որ տարածաշրջանում, հարևանների համեմատ՝ մեր երկրի ցուցանիշներն «ամենահամեստն» են։ Օրինակ՝ 2015-ին Վրաստանում անօրինական ֆինանսական ներհոսքը կազմել է 331 մլն դոլար, իսկ արտահոսքը՝ 841 մլն դոլար, Ադրբեջանում ներհոսքն ու արտահոսքը, համապատասխանաբար՝ կազմել են՝ 2 մլրդ 483 մլն դոլար և 5 մլրդ 611 մլն դոլար, Ռուսաստանում՝ 64 մլրդ 830 մլն դոլար և 31 մլրդ 13 մլն դոլար, Թուրքիայում՝ 16 մլրդ 927 մլն դոլար և 8 մլրդ 422 մլն դոլար։

Տարիներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել GFI-ի 2004-2013թթ. զեկույցը:

Այն արձանագրել էր, որ Հայաստանից ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսքը կազմել էր ընդհանուր առմամբ 9 մլրդ 834 մլն դոլար։ Տարեկան միջին արտահոսքը 10 տարվա կտրվածքով կազմում էր 983 մլն դոլար։

Այս անգամ տասնամյակի ցուցանիշները բերված են ընդհանրական ձևով՝ բոլոր 148 երկրների համար և ըստ առանձին երկրների չկան:

Կարելի է ասել, որ ընդհանուր միտումն ամեն դեպքում պահպանվում է, և անօրինական փողերի հոսքերի էական նվազում չկա:

Թեպետ Հայաստանի պարագայում ուրախալի է այն, որ 2014-2015թ. աղմուկից հետո այս տարիների ընթացքում անօրինական փողերի հոսքի ծավալները կրճատվում են, և մոտենում ենք 2004-2005թթ. շուրջ 400-450 մլն դոլար ծավալին:

Ամենամեծ արտահոսքը, թերևս, 2013թ. էր՝ ավելի քան 1.8 մլրդ դոլար։

Փորձեցինք պարզել, թե Հայաստանում անցյալ տարվա իշխանափոխությունից հետո, երբ ամենուր տարբեր ստուգումներ և հետաքննություններ են ընթանում, GFI-ի այս զեկույցների փաստերով որևէ կառույց արդյո՞ք զբաղվում է:

Կենտրոնական բանկից 168.am-ին հայտնեցին, որ ԿԲ-ն երբևէ անօրինական ֆինանսական հոսքերի խնդրով չի զբաղվել, այլ զբաղվում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով:

Դիմեցինք նաև ԱԱԾ, որտեղից խոստացան ճշտել ու տեղեկացնել՝ արդյո՞ք այս խնդրի հետ կապված որևէ գործողություն իրականացվել է, թե՞ ոչ: Պատասխանը ստանալուն պես, բնականաբար, այն կհրապարակենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս