«Ստամբուլը բետոնե անտառի է վերածվել». զեկույց
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP)՝ բնապահպանության հարցերով պատասխանատու փոխնախագահ Գյուլիզար Բիջեր Քարաջան «Բետոնե անտառ» խորագրով ուշագրավ զեկույց է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ Ստամբուլում 16 տարվա ընթացքում 900 տոկոսով աճել է առևտրի կենտրոնների զբաղեցրած տարածքը։ Ընդ որում, այդ առևտրի կենտրոնները կառուցվել են այն տարածքներում, որոնք բնական աղետների դեպքում բնակչության համար ամենաանվտանգ ապաստանի վայրը կարող էին լինել։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարման 16 տարվա ընթացքում՝ 2002թ․ ի վեր 8 անգամ աճել է շինարարության թույլտվությունների թիվը։ Այդ ընթացքում «բետոնե անտառի» է վերածվել շուրջ 2 մլրդ 350 մլն քառակուսի մետր մակերեսով տարածք։
Ընդ որում, եթե 2002թ․ առևտրի խոշոր կենտրոնների զբաղեցրած տարածքը կազմում էր 1․25 մլն քառակուսի մետր, ապա 2017թ․ դրությամբ այդ թիվը հասել է 11․2 միլիոնի։
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հաշվարկների համաձայն՝ Ստամբուլում շուրջ 2․354 վայր կա, որտեղ կարող է բնակչությունը հավաքվել աղետների դեպքում։ Այդ հաշվարկներում ներառվել են բոլոր, անգամ ամենափոքր ազատ տարածությունները, այդ թվում՝ մանկական այգիները, մզկիթների բակերը և անգամ բենզալցակայանների ազատ հարթակները։
Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Ստամբուլի 493 նմանատիպ վայրում 416 առևտրի կենտրոն, երկնաքեր ու բազմաբնակարան շենք է կառուցվել։ Արդյունքում այդ տարածքների մակերեսը վերջին շրջանում նկատելիորեն կրճատվել է՝ հասնելով 77 տոկոսի։