42 000 ծայրահեղ աղքատները ստիպված կլինեն սպասել 5 տարի. Կառավարության փոքր քայլերի վեհությունը

Երբ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց ՀՀ Կառավարության ծրագրի նախագիծը, ընդհանրական ուսումնասիրության արդյունքում անգամ ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք տարբեր քննադատությունների առիթ հանդիսացան: Եթե նախկինում հնչած տեսակետները հիմնականում եղել են ընդհանրական դիտարկումներ, ապա այժմ հերթը եկել է դրա բովանդակության առանձին կետերին անդրադառնալուն:

Այս վերլուծական ակնարկի շրջանակներում մասնավորապես կխոսենք ծրագրի 4-րդ, այն է՝ ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի գլխի, 2-րդ ենթագլխի` աղքատության հաղթահարումը բաղադրիչի մասին:

Նշված ենթագլխի հենց 2-րդ պարբերության մեջ նշվում է` Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Իհարկե, ողջունելի է կառավարության այս նպատակադրումը, սակայն միաժամանակ խնդրահարույց է ծայրահեղ աղքատության վերացման համար մատնանշվող ժամանակահատվածը և աղքատությունը նվազեցնելու վերաբերյալ անորոշությունը:

Նախկինում մեր կողմից հրապարակված մի հոդվածում մանրամասն անդրադարձել էինք այն հարցին, թե ինչ է աղաքատությունը, և որ դեպքում է մարդը համարվում ծայրահեղ աղքատ: Նույն վերլուծականի մեջ եկել էինք այն եզրահանգման, որ նախկին իշխանությունների կառավարման 7 տարիների ընթացքում աղքատության մակարդակը կրճատվել էր 10.1 տոկոսով, իսկ նախընտրական իր ծրագրով Փաշինյանը խոստանում էր կրկնել այդ արդյունքը 5 տարում:

Համաձայն մեթոդաբանության, տարբերակվում է աղքատության 3 մակարդակ:

2017 թվականի կտրվածքով, եթե 1 քաղաքացու ամսական սպառումը չի գերազանցում 41612 դրամը, ապա մարդը համարվում է աղքատ: Եթե սպառման ծավալը չի գերազանցում 34253 դրամը, ապա մարդը դասակարգվում է աղքատության ստորին գծից ներքև, և, եթե քաղաքացու սպառումը պակաս է 24269 դրամից, ապա քաղաքացին համարվում է ծայրահեղ աղքատ:

Գալով արդեն վիճակագրական տվյալներին, պետք է փաստենք, որ 2018թ. նոյեմբերի 30-ին Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում ամփոփ ներկայացված էր Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2017թթ. ժամանակահատվածում:

Ինչպես երևում է գծապատկերից, 2017թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից ամեն չորրորդն ամսական 41612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Համեմատելով նույն ցուցանիշը 2010 թվականի ցուցանիշի հետ, պետք է փաստենք, որ համաձայն հրապարակված տվյալների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2010-2017թթ., Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 10.1 տոկոսային կետով: Ընդ որում, միայն 3.7 տոկոսային կետով նվազումն ապահովվել է վերջին մեկ տարում, որի հիմնական գործոնը եղել է արձանագրված 7 տոկոսից ավելի տնտեսական աճը:

Եթե նախընտրական շրջանում Փաշինյանի թիմը խոստանում էր 5 տարում 10 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, ապա արդեն օրերս հրապարակված Կառավարության ծրագրով իշխանությունը զերծ է մնում թվային պատասխանատվությունից և սահմանափակվում «էապես նվազեցնել աղքատությունը» տողով: Թե ի՞նչ նկատի ունի իշխանությունը՝ «Էապես» ասելով, հայտնի չէ ոչ մեկին, և թե 5 տարի հետո ինչպե՞ս են չափելու՝ կատարվե՞լ է ծրագրի այդ կետը, թե՞ ոչ, ևս պարզ չէ:

Անդրադառնալով արդեն ծայրահեղ աղքատության վերաբերյալ կառավարության ծրագրի դրույթին, պետք է կրկին անդրադարձ կատարենք նախկինում արձանագրված արդյունքներին:

Այսպես, վիճակագրությունը փաստում է, որ վերջին 7 տարիներին աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ՝ զգալի նվազել է նաև ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 2017 թվականի արդյունքներով կազմելով 1.4 տոկոս: Հիմա արդեն հեղափոխական կառավարության ծրագրով նախատեսվում է 5 տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը, վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Համաձայն «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի՝ 1.4 տոկոս ծայրահեղ աղքատների թիվը կազմում է ընդամենը շուրջ 42 հազար մարդ:

Դրանից բացի, 2018 թվականին Փաշինյանի իշխանության իրականացրած եզակի ռեֆորմներից մեկը վերաբերում էր նվազագույն կենսաթոշակի բարձրացմանը, ինչի արդյունքում, համաձայն վարչապետի խորհրդականի հայտարարության՝ բարձրացավ մոտ 80 հազար մարդու կենսաթոշակ:

Վերոնշյալից հետևում է մի պարզ բան, որ 1.4 տոկոս ծայրահեղ աղքատության մակարդակը հաղթահարելն առավելագույնը 1-2 տարվա խնդիր էր, որ պետք է լուծեր իշխանությունը: Իսկ այդ պարագայում ծրագրում դրա կատարման ժամկետ 5 տարին սահմանելը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափելու կամ սեփական քայլերը հստակ չգիտակցելու ապացույց:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս