ՀՀԿ-ն 7 տարում աղքատության մակարդակը կրճատել է 10.1 տոկոսով, Փաշինյանը խոստանում է կրկնել այդ ցուցանիշը 5 տարում

Օրեր առաջ մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, և մասնակից քաղաքական ուժերը հրապարակեցին իրենց նախընտրական ծրագրերը: Բնականաբար, առավել մեծ ուշադրությունն ուղղված է իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած ծրագրին, քանզի առաջիկա ընտրություններում հավանական հաղթանակ տանելու պարագայում հենց այս ծրագիրն է դառնալու երկրի տնտեսական զարգացման ուղեծիրը: Հրապարակված նախագծում առավել մեծ ուշադրության արժանացավ ծրագրի սոցիալական բաղադրիչը, որի համաձայն՝ նախատեսվում է աղքատության կրճատում 10 տոկոսային կետով:

Բախտի բերմամբ թե պատահմամբ, գրեթե նույն օրերին՝ նոյեմբերի 30-ին, Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում  ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները  2008-2017թթ. ժամանակահատվածում: Այս զեկույցի ժամանակագրական ծածկույթը, ըստ էության, հանդիսանում է նախորդ իշխանության ղեկավարման ժամանակահատվածը, և լավ առիթ է այս ուղղությամբ արձանագրված հաջողություններն ամփոփելու համար:

Նախքան համեմատականին անդրադառնալը, նախ՝ նշենք, որ Աղքատության մակարդակը գնահատելու համար զեկույցում՝ որպես բարեկեցության ցուցանիշ, օգտագործվել են սպառմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության ցածր մակարդակ: Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ  իրենց ապրուստը հոգում են սեփական արտադրության սննդամթերքի սպառման  միջոցով: Ըստ այդմ, միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնց շարքին է դասվում Հայաստանը, աղքատները եկամուտ ստանում են նաև գործունեության բազմաթիվ կարճաժամկետ տեսակներից, որոնք չեն արտացոլվում եկամուտներին վերաբերող տվյալներում: Նման հանգամանքներում բարեկեցությունը գնահատվում է ոչ թե՝ տնային տնտեսությունների գործունեության բոլոր տեսակներից ստացվող եկամուտների ճշգրիտ հաշվարկի, այլ՝ սպառմանն ուղղված ծախսերի հիման վրա:

Աղքատության մակարդակը գնահատվել է Համաշխարհային բանկի  մեթոդաբանությամբ և չափորոշիչների կիրառմամբ, որի հիման վրա հաշվարկվել է Հայաստանի տնային տնտեսությունների համար աղքատության գիծը: Նշենք նաև, որ աղքատության գիծն   ամեն տարի վերանայվում է՝ իր մեջ արտացոլելով նաև գնաճի պատկերը:

Համաձայն մեթոդաբանության, տարբերակվում է աղքատության 3 մակարդակ: 2017 թվականի կտրվածքով, եթե 1 քաղաքացու ամսական սպառումը չի գերազանցում 41612 դրամը, ապա մարդը համարվում է աղքատ: Եթե սպառման ծավալը չի գերազանցում 34253 դրամը, ապա մարդը դասակարգվում է աղքատության ստորին գծից ներքև, և, եթե քաղաքացու սպառումը պակաս է 24269 դրամից, ապա քաղաքացին համարվում է ծայրահեղ աղքատ:

Ինչպես երևում է գծապատկերից, 2017թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից ամեն չորրորդն ամսական 41612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել։ Համեմատելով նույն ցուցանիշը 2010 թվականի ցուցանիշի հետ, պետք է փաստենք, որ համաձայն հրապարակված տվյալների՝ 2010-2017 թվականներին  Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 10.1 տոկոսային կետով: Ընդ որում, միայն 3.7 տոկոսային կետով նվազումն ապահովվել է վերջին մեկ տարում, որի հիմնական գործոնը եղել է արձանագրված 7 տոկոսից ավելի տնտեսական աճը:

2017թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է 766 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 316 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 42 հազար մարդ:

Աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ՝ զգալի նվազել է նաև    ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 2017 թվականի արդյունքներով կազմելով 1.4 տոկոս:   

Այսպիսով, ամփոփելով նախորդ տարիների ցուցանիշները,  պետք է փաստենք, որ նախորդ իշխանություններն աղքատության մակարդակի 10 տոկոսային կետով նվազում ապահովել են վերջին 7 տարիների ընթացքում: Փաշինյանի իշխանությունը  դեռևս խոստանում է նույն արդյունքն ապահովել 5 տարում, որը, ի դեպ, նրանց կողմից բնորոշվում է՝ որպես աննախադեպ արդյունք: Սակայն այն, ինչ խոստանում է գալիք իշխանությունը, նախկին՝ Հանրապետական (ՀՀԿ) իշխանության կողմից արդեն իսկ արձանագրված արդյունք և փաստ է: Իհարկե, մեծ է ցանկությունը՝ Փաշինյանի թիմի կողմից հրապարակված այս խոստումն իրականացված տեսնել, սակայն պետք է փաստենք, որ այն դեռևս  ընդամենը  հերթական նախընտրական խոստում է, որի իրականացման համար շատ ջանք պետք է թափել։ Կիրականանա՞ նրա այդ խոստումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս