
Վրաստանը պլանավորում է նավթ արդյունահանել Սև ծովում

Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սեւ ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է երկրի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան:
«Exxon լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սեւ ծովի ներուժի հետազոտություն: Տարեվրջին այն կավարտվի, եւ մենք կհայտարարենք Սեւ ծովի նավթի եւ գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաեւ ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը:
«ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, եւ ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան:
2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք եւ շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները (նավթը եւ գազը) հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, հաղորդել է «Sputnik Վրաստան»-ը: