Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխություն չի՞ բերի
Այսօր մեկնարկում են Ազգային ժողովի քառօրյա նիստերը: Օրակարգի գլխավոր հարցը կառավարության ծրագրի քննարկումն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ծրագիրը համարում է իրատեսական և նույնիսկ մի քիչ զգուշավոր: Ըստ նրա՝ կառավարությունը կարող էր մի քիչ ավելի համարձակ քայլերի գնալ և առնվազն 5%-ի փոխարեն՝ ավելի բարձր տնտեսական աճ թիրախավորել։ «Բայց մյուս կողմից՝ ավելի լավ է քիչ թիրախ դնել, բայց հասնել ավելիին»,- նկատեց Թունյանը՝ միաժամանակ հավելելով, որ կարևոր է ոչ թե այն, ինչ գրված է ծրագրում, այլ այն, ինչ իրականացվում է, որովհետև նախկինում շատ խոստումնալից ծրագրեր են եղել, որոնք մնացել են թղթի վրա:
«Համաձայն եմ՝ թվերը քիչ են: Այդպիսի հստակ պահանջ էլ չկա, թե քանի թիվ պետք է լինի: Ես կնախընտրեի, որ այդտեղ թվային թիրախները մի քիչ ավելի շատ լինեին, բայց եղածներն ամենաառանցքայինն են»,- ասաց Բ.Թունյանը:
Նրա կարծիքով՝ շատ կարևոր ցուցանիշ է առնվազն 5% տարեկան տնտեսական աճը, ներդրումների, արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ, նաև նախընտրական ծրագրից կան թվեր՝ աղքատության՝ 10%, և գործազրկության՝ 5%. «Այս ամբողջ համախումբը բավարար է, որպեսզի 5 տարի հետո հասարակությունը հասկանա, թե մեր առջև դրված խնդիրները կատարել ենք, թե չենք կատարել»:
Ամեն դեպքում, Բ.Թունյանն ընդունեց, որ այս կառավարության ծրագիրը մեծ հաշվով ձևակերպումների առումով շատ չի տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, քննարկել է ծրագիրը և այսօր նախքան լիագումար նիստը՝ խմբակցության նիստ կանցկացնի: ԲՀԿ պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում նույնպես մատնանշեց թվային ցուցանիշների սակավությունը.
«Ընդամենը 5 թիվ կա՝ ՀՆԱ, որը պարզ չի՝ իրական աճն է, թե անվանական, արտահանում/ՀՆԱ՝ 43-45%, որն այսօր մոտ 2.5 մլրդ է 11 մլրդ-ից, և թիրախը լուրջ թիվ է, զուտ ներդրումներ/ՀՆԱ՝ 23-25%, որը փոքր է, նաև 2023թ.-ին ծայրահեղ աղքատության վերացում ու ներառական կրթության ամբողջական սահմանում:
Չնայած ծրագրի 22-րդ էջում գրված է, որ պարտավորությունները պետք է խիստ չափելի լինեն, բայց խիստ չափելի չեն: Եթե նույնիսկ ասում ենք՝ ՀՆԱ-ի այսքան աճ, դրա հետ զուգահեռ՝ պետք է լինեն դա ապահովող մյուս ցուցանիշները՝ ներդրումների տոկոս, արտահանման աճ՝ ըստ տարիների, աշխատատեղերի քանակ, ոլորտների զարգացման համամասնություններ, աղքատության կրճատման տոկոս, գործազրկության, քանի ՓՄՁ-ներ կառաջանան, և այդ ամենը՝ ըստ ժամանակացույցի: Այնպես չէ, որ պարտավորությունը վրա է հասնում 23թ.: Պետք է ընթացիկ ժամանակացույցով համամասնորեն լինի պարտավորության կատարումը»:
Մ.Մելքումյանը կարևորեց ճյուղային ոլորտների նկարագրությունը՝ էներգետիկա, վերամշակող արդյունաբերություն և այլն. «Օրինակ՝ էներգետիկայի ոլորտում նախորդ կառավարությունների ծրագիրն է արձանագրված, գյուղատնտեսությունը միայն գրված է չմշակվող հողերը մշակելի դարձնելու մասին, իսկ հակակարկտային կայաններ և այլ միջոցառումներ չեն գրել:
Վարկային տոկոսադրույքների իջեցումն ինչպե՞ս, ի՞նչ ծավալով պետք է լինի, պարզ չէ: Կարևոր է, որ արձանագրված էր մի քանի թեզ, որ նախաներդրումային ծախսեր և հետներդրումային սպասարկում կա: Դա թույլ կտա, որ ներդրումներ ընդունելն արդյունավետ լինի, բայց ինչպե՞ս են անելու, մեկ պատուհանն աշխատելո՞ւ է: Իհարկե, համակարգային կոռուպցիայի և արհեստական մենաշնորհների դեմ պայքար գնացել է, բայց դրա հիման վրա ավտոպիլոտով չի կարող տնտեսությունը զարգանալ: Այլ խնդիրներ ևս կան»:
Հարցին՝ թե առնվազն 5% տնտեսական աճը հեղափոխական կարո՞ղ է համարվել, և արդյոք այդ աճի պայմաններում քաղաքացիների կյանքի որակական բարելավում կլինի՞, Մ.Մելքումյանը պատասխանեց, որ աշխարհի միջին աճի տեմպն այս տարի սպասվում է 3.2%, Ղազախստանն ունեցել է 4%, Չինաստանը՝ 5.5%. «Ընդհանրապես խոշոր տնտեսությունների համար 1% աճը շատ ուժեղ քարշակ է, փոքրերի համար առնվազն պետք է լինի 9-12% աճ:
Կարեն Կարապետյանի ժամանակ այդ բարձր աճը կար, բայց որակական չէր, քաղաքացին չէր զգում իր մաշկի վրա: Հիմա փոքր չափերով տնտեսությունների համար բարդ է, 5%-ը քիչ է, մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծ չի, որովհետև այդ աճն ապահովվում է հաշված ոլորտների շնորհիվ՝ լեռնահանքային արդյունաբերություն, տուրիզմ, վերամշակող արդյունաբերություն, խմիչք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր: Բնական է, որ 5%-ի դեպքում որակական աճ չի լինի, որովհետև այն թեզերը, որ հայտարարված են տնտեսական հեղափոխության համար, կարծում եմ, բավականին համեստ պահանջներ են արձանագրված ծրագրում, և մենք պետք է կարողանանք ոչ ստանդարտ գործիքներ կիրառենք, որպեսզի հեղափոխության հռչակած դրական սպասումները շատ արագ չփոշիանան»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի կարծիքով՝ կառավարության ծրագրում բացթողումներն ակնհայտ են, և այն բոլորովին չի համապատասխանում տնտեսական հեղափոխության գաղափարին: «Մենք նախնական որոշակի քննարկում ենք անցկացրել, երբ ծրագրի նախագիծը ներկայացվեց: Այն որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության՝ գոնե մեր պատկերացրած ընկալմանը»,- նշեց Թանդիլյանը:
Օրինակ՝ ծրագրում որպես մակրոտնտեսական ցուցանիշ՝ նշված ՀՆԱ-ի 5 % աճը հեղափոխական կամ լավատեսական չէ. «Անհրաժեշտ է կատարել լուրջ քայլեր, ոչ թե պահպանողական, ինչպես նախկին կառավարությունն էր անում»:
Մ.Թանդիլյանը փաստում է, որ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում, կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացքի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա: