Ղարաբաղյան խնդիր. Օդը, ջուրը և հողը

(Օդում սավառնելը, ջուր ծեծելը և հողային նյութականությունը)

Չնայած Ղարաբաղյան հարցը համարվում է հայաստանյան քաղաքականության կարևորագույն օրակարգերից մեկը, բայց հանրային քննարկումները դրա շուրջ՝ փորձագիտական մակարդակից մինչև ԶԼՄ-ներ և համացանցային հարթակներ, զարմանալիորեն միապաղաղ, մակերեսային և վերացական են:

Կարող ենք ասել, որ կա գերակայող երկու խոսակցություն՝ «հող է հանձնում-չի հանձնում» իշխանություն-ընդդիմություն խաղի զուտ քարոզչական թեման և «խաղաղություն-պատերազմ» թեման, որը ժամանակ առ ժամանակ փորձում են բարձրացնել, այսպես կոչված, «հ/կ սեկտորի» ներկայացուցիչները՝ դա էլ բացարձակապես արտաքին աշխարհից փոխառած կաղապարների շրջանակներում: Կան, իհարկե, և այլ մոտեցումների փորձեր այս երկուսից դուրս, բայց մենք տվյալ դեպքում խոսում ենք միջինացված պատկերի և դրանում գերակայող միտումների մասին:

Կարելի է ասել, որ մեր վերնախավերը՝ քաղաքական, մտավորական, «հ/կ-ական», Ղարաբաղյան խնդիրն օգտագործում են յուրաքանչյուրն իր «դասակարգային շահի» տեսակետից. մեկը՝ իշխանության համար պայքարում, մյուսը՝ արտաքին պահանջարկը սպասարկելով «տուն պահելու» համար, և այլն, բայց ոչ ոքի վեջը չի հանրությանը ներկայացնել նույն այդ հանրության կենսական շահերի (թեկուզ՝ միայն անվտանգության) հետ կապված առանցքային խնդիրն իր բազմաշերտությամբ, բարդությամբ, նյութականությամբ:

Հետո այդ նույն հանրությանը նույն վերնախավերը պիտակավորում են՝ որպես իբր անգրագետ, չհասկացող, մակերեսային: Իրականում Հայաստանի մեծամասնությունը զուտ բնազդի մակարդակով լավ էլ տարբերում է ճիշտն ու սխալը՝ Ղարաբաղյան, ինչպես և մյուս հարցերում: Բայց երկիրը չի կարող միայն բնազդով առաջ գնալ:

Անհրաժեշտ է նաև գիտակցությունը, որը պետք է ձևակերպեն նույն վերնախավերը՝ հենվելով հենց հանրային բնազդի վրա, բանականացնելով այն, վերածելով տեսության: Բայց հայաստանյան ինքնագիտակցությունն այս հարցում ևս, ինչպես և մյուսներում, կտրված-օտարացած է ինքն իրենից, իր հողից, իր նյութականից, և կառուցվում է փոխառած կաղապարների, զուտ հայեցողական, վերացական սխեմաների շուրջ: Եվ նույնիսկ Ղարաբաղյան հարցը, որը մաքուր մերն է, սեփական է, «հաջողացնում է» դիտել դրսի ակնոցներով, էքսցենտրիկ՝ դրսակենտրոն հայացքով:

Արդյունքում՝ խոսակցությունը վերածվում է ոչ բովանդակային, ծիսական, աննյութական դատարկության: Օրինակ, կարող են հարցնել՝ խաղաղությա՞ն կողմ է արդյոք մեր հասարակությունը, կարծես աշխարհում կա որևէ հասարակություն, որի մեծ մասը կողմ չլինի խաղաղության, բայց ամենակարևորը, կարծես խաղաղությունը լինում է «կողմուդեմով», ցանկությամբ միայն: Ասենք, բավական է, որ հայաստանցին «կողմ լինի խաղաղության», և խաղաղությունը կգա: Որքան պարզ և լուսավոր կլիներ մարդկության պատմությունը, եթե այդքան հեշտ լիներ ամեն բան: Կո՞ղմ եք գարնան գալուն: Իհարկե, կողմ ենք: Դե վերջ, գարունը եկավ, ծաղիկները ծաղկեցին, ծիտիկները ծլվլացին՝ երանությո՜ւն: Իսկ կո՞ղմ եք, որ ամառներն Արարատյան դաշտում շոգ չլինեն…:

Կամ էլ թեկուզ՝ իսկ դո՞ւք կարգավորման որ տարբերակին եք կողմ, օրինակ, կո՞ղմ եք, թե՞ դեմ հողերը հանձնելուն: Կարծես դա էլ կողմ ու դեմով է լուծվում: Օրինակ, Ադրբեջանը 1994-ին ստորագրելով զինադադարի պայմանագիրը՝ կողմ էր, որ Աղդամն ու Ֆիզուլին մնար հայերի ձեռքում, իսկ հայերը 1920 թվին կողմ էին, որ Կարսը մնար թուրքերին, դե, դրա համար էլ ստորագրել են և դադարեցրել ռազմական գործողությունները: Կարգավորման տարբերակները, զինադադարների և խաղաղության պայմանագրերը կախված են բացառապես մեր կողմ ու դեմ լինելուց, մեր ցանկություններից….: Զավեշտ է, բայց սա է Ղարաբաղյան հարցի շուրջ մեր հանրային քննարկումների մակարդակը: Ես նկատի չունեմ, այսպես կոչված, «պարզ ժողովրդին»: Այսպես է մամուլում, փորձագիտական խոսքում, քաղաքական գործիչների ելույթներում:

Նաև այնպես է ներկայացվում, կարծես կարգավորման գործընթացը հենց այն է, ինչ կա պաշտոնապես՝ մեծ տերությունները մարդասիրական, խաղաղասիրական մղումներից դրդված՝ 20 տարուց ավել է, փորձում են խաղաղության մի տարբերակ գտնել երկու ժողովուրդների միջև, բայց այդ ժողովուրդների առաջնորդներն ամեն անգամ չեմուչում են անում, ամեն անգամ մի նոր պատճառ գտնում խաղաղությամբ հարցը չլուծելու, խորամանկում են, խուսանավում ու վատ աշակերտների նման խաբում բարի դասատուներին: Դասատուներն էլ այնքան համբերատար և ներողամիտ են, որ ամեն անգամ գնում են և նոր պլան են մտածում, նոր փորձեր են ձեռնարկում: Հնդկական կինոյի սցենար:

Ստացվում է, ուրեմն, որ խաղաղությունը, հարցի լուծումը, կարգավորումը մի թուղթ ստորագրելու հարց է: Ընդհանրապես աշխարհում հարցերն այդպես են լուծվում՝ թղթով, թուղթ ստորագրելով: Հատկապես խաղաղության հարցն է այդպես լուծվում՝ հռչակագրերով, պայմանագրերով, ստորագրություններով: Ափսոս, որ մարդկությունը դա շուտ չէր հասկացել և չէր կանխել համաշխարհային պատմության բոլոր պատերազմներն այդ պարզ ձևով, չէր լուծել բոլոր խնդիրները թուղթ ու գրիչով: Մեր ազգային բոլոր իղձերն էլ կարելի էր նման կերպ լուծել, եթե շուտ ֆայմեինք: Օրինակ, տեսնես ինչո՞ւ միջազգային ամենալուրջ թուղթը Հայաստանի վերաբերյալ՝ Սևրի պայմանագիրը, որի տակ ստորագրել էին աշխարհի հզորագույն պետությունները, այլև Թուրքիայի պաշտոնական կառավարությունը, այդպես էլ չիրագործվեց: Երևի թուղթն էր վատը, կամ ստորագրությունները լավ չէին երևում: Պետք է մտածել սրա մասին:

Վերջապես լրջանալ է պետք: Խնդիրը պետք է սկսի քննարկվել իրապես բովանդակային, նյութական, կոնկրետ: Չի՛ լինում ինքնին խաղաղություն, ինքնին կարգավորում, ինքնին հարցի լուծում: Չի՛ լինում նաև ինքնին լավ կամ ինքնին վատ կարգավորում: Ղարաբաղի հարցը վաղուց միջազգային է, այլ ոչ միայն՝ հայ-ադրբեջանական, և հենց դրա պատճառով էլ երկարաձգվում է լուծումը՝ զուտ հայ-ադրբեջանական խնդիրը վաղուց լուծված կլիներ:

Մաքուր խաղաղասիրությունից դրդված կարգավորման պլաններ և ջանքեր չեն լինում՝ լինում են կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակում կոնկրետ շահեր հետապնդող լուծման տարբերակներ: Դրանց կողմ ու դեմ հնարավոր է լինել ոչ թե ընդհանրապես, այլ նույն այդ կոնկրետ պայմաններից ելնելով միայն:

Խաղաղությունը թղթով չի լինում: Խաղաղությունը բխում է շատ կոնկրետ ուժային հարաբերություններից և շահերից:

Փոխանակ անվերջ քննարկելու թղթային հարցեր՝ մենք պետք է խոսակցության առարկա դարձնենք նյութականը, հողայինը, կոնկրետը: Ստորագրել-չստորագրելու հարցը չէ առաջնային, և նույնիսկ ոչ՝ ի՛նչ պայմաններով ստորագրելը (ասենք թե լավագույնն են պայմանները), այլ ստորագրված թղթի իրացման իրական ուժային երաշխիքները: Այսինքն՝ պետք է քննարկել ոչ թե՝ երբ և ինչ պայմաններով է պետք և հնարավոր «ստորագրել», այլ՝ ստորագրելուց հետոն:

Այսպես՝ առաջնային է որպես խաղաղության երաշխիք առաջարկվող խաղաղապահ զորքի խնդիրը: Ես չեմ հիշում, որ մեզանում երբևէ մանրամասն և լայնորեն քննարկվի այդ հարցը (բացառությամբ հատուկենտ անձերի մասնավոր, բլոգային գրառումների): Մինչդեռ դա ոչ թե կարևոր հարցերից մեկն է, այլ կարգավորման հենց ներկա փուլում ամենակարևորն է: Մեծ հաշվով, այս փուլում կարգավորման պլանի ողջ իմաստը հենց խաղաղապահ (ամենայն հավանականությամբ՝ ռուսական) զորքի տեղադրումն է կոնֆլիկտի գոտում: Մնացածը՝ «միջանկյալ կարգավիճակ» (իրավաբանորեն չեղած մի հասկացություն), «խաղաղություն՝ հողի դիմաց», և այլն, թեմայի «աղն ու բիբարն են», բայց բուն «ճաշը»՝ ռուսական զորքն է Ղարաբաղում: Դրա համար ծիծաղելի է, երբ մարդիկ լուրջ դեմքով քննարկում են «խաղաղության», «կարգավորման», «լուծման», «հողերի» և նման խնդիրներ, մինչ իրական հարցը ներկա փուլում հենց ռուսական (կամ գուցե որոշ տարբերակներում՝ «բազմազգ») «խաղաղապահ» զորքի հայտնվել-չհայտնվելու հարցն է Ղարաբաղում: Իսկ խաղաղությունը կարող է լինել կամ չլինել հետևանք միայն, երկրորդական մանրամասն ռուսական զորքի ժամանման կամ չժամանման:

Ուրեմն, հարցի իրապես բանական, նյութական, բովանդակային քննարկումն այսօր պետք է կենտրոնացած լիներ հետևյալի շուրջ:

ա. Ի՞նչ բան է խաղաղապահությունը, խաղաղապահ զորքն ընդհանրապես: Կարո՞ղ է այն՝ որևէ խաղաղապահ զորք, ընդհանրապես լինել կայուն և տևական խաղաղության իրական երաշխիք, ի՞նչ հայտնի օրինակներ կան, ինչո՞ւ է Ղարաբաղյան կոնֆլիկտը միակը հետսովետական տարածքում, ուր ցայժմ չի տեղադրվել խաղաղապահ զորք, և այլն: Մեծ հաշվով հարցն այստեղ հետևյալն է՝ արդյոք սեփական երկրի անվտանգությունն ու խաղաղությունն ավելի լավ են երաշխավորված սեփական իսկ զինուժո՞վ, թե՞ օտարով:

բ. Արդյո՞ք հատկապես ռուսական խաղաղապահ զորքն ի զորու է՝ ունի ցանկություն և կարողություն, ապահովելու տևական և կայուն խաղաղություն Ղարաբաղում: Ինչպիսի՞ն է ռուսական զորքի միջոցով Ղարաբաղում տևական խաղաղություն ապահովելու նախորդ՝ սովետական և ցարական Ռուսաստանի շրջանի փորձը:

գ. Բազմազգ խաղաղապահ զորքի խնդիրը

դ. Կարգավորման որևէ տարբերակին, «միջազգային ճնշումների» և անհրաժեշտ դեպքում դրանց նկատմամբ Հայաստանի դիմադրողականության իրական ներուժը: Օրինակ, 2016-ի ապրիլյան պատերազմի խնդիրը, որի քաղաքական նպատակը, ամենայն հավանականությամբ, Ղարաբաղում ռուսական զորքի տեղադրումն էր՝ մի պլան, որը փաստացի ձախողվեց, բայց մյուս կողմից՝ բազմաթիվ հետևանքների բերեց, այդ թվում՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Արդյոք նմանատիպ մի փորձ կարո՞ղ է կրկնվել, թե՞ ոչ:

Իհարկե, խնդրի քննարկումը չի կարող սահմանափակվել միայն խաղաղապահների և առնչվող հարցերով: Մենք սրանք միայն որպես օրինակ բերեցինք, թե ինչը և ինչպես պետք է քննարկվի՝ նրա փոխարեն, ինչ այսօր խոսվում է խնդրի վերաբերյալ Հայաստանում: Խնդրի քննարկման միայն այս՝ նյութական, կոնկրետ ձևաչափը կարող է համարվել խնդրի կարևորությանը համարժեք, և բացի այդ՝ նաև հայաստանակենտրոն, դիտված Հայաստանից, այլ ոչ թե մոլորակի կամայական կետից՝ օտարված հայացքով: Թե չէ «ինչպես կարգավորել կոնֆլիկտները թղթի վրա» պարապ հարցը կարող է քննարկել կոնֆլիկտաբանության ցանկացած ուսանող, բայց դա ոչ մեկին հետաքրքիր չէ, բացի այդ նույն կոնֆլիկտաբանության ուսանողներից:

Տեսանյութեր

Լրահոս