
ԲԴԽ-ն երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել

Տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակել է դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը բավարարել է Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն:
Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:
Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում: