Բուլղարիայի կառավարությունը Գուայդոյին ճանաչեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ
Բուլղարիայի կառավարությունը փետրվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է պետության ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Վենեսուելայում ստեղծված ընդգրկուն ճգնաժամը եւ դրա լուծման համար արագ ու համարժեք քաղաքական որոշումների ընդունման, ինչպես նաեւ ազատ, թափանցիկ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, Բուլղարիան աջակցություն է հայտնում Խուան Գուայդոյին՝ որպես Վենեսուելայի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարողի»,-ասված է Բուլղարիայի նախարարների կաբինետի որոշման մեջ:
Ավելի վաղ նախագահ Ռումեն Ռադեւը հայտարարել էր, որ «Բուլղարիան պետք է ձեռնպահ մնա Վենեսուելայի վերաբերյալ առաջարկված եվրոպական դիրքորոշումից», սակայն նրա կարծիքն աջակցություն չստացավ կառավարող մեծամասնության կողմից:
Փետրվարի 4-ին ԵՄ-ի երկրների մեծամասնությունը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Ի պաշտպանություն Մադուրոյի, հանդես են եկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: