ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար
Ռուսաստանը հավանություն է տվել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Կուբային 38 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրելուն: Այս մասին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը փետրվարի 6-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Վարկային համաձայնագիրն ստորագրված է եւ ռուսական կողմից արդեն անցել է ներպետական ընթացակարգերը»,- ասել է Շուգաեւը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա նշել է, որ Կուբայի հետ ռազմատեխնիկական համագործակցության գծով միջկառավարական համաձայնագիրը գործում է 2006 թվականից:
«Մենք ավելի վաղ նրանց մատակարարել ենք զգալի ծավալի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում նաեւ որպես ռազմատեխնիկական օգնություն: Այնտեղ կան մեր արտադրության թե՛ ինքնաթիռներ, թե՛ զրահատանկային տեխնիկա, թե՛ հրետանային համակարգեր, թե՛ հակաօդային պաշտպանության միջոցներ եւ թե՛ ծովային տեխնիկա: Այժմ փոխգործակցությունն իրականացվում է այսպես կոչված տեխնոլոգիական համագործակցության ծրագրի շրջանակներում»,- հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: