Բաժիններ՝

«Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան արդեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և Երևանի «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները:

Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին: Այս նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:

Նա նշեց, որ ներկայումս շինաշխատանքներ են իրականացվում Վանաձորի, Կապանի, Գավառի և Երևանի մի քանի դպրոցներում։ Ծրագրում ընդհանուր առմամն այս պահին ընդգրկված է 46 դպրոց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է տեմպը մեծացնել, նաև ԵՄ համագործակցության ճանապարհային քարտեզում ներառել այս ծրագրերը։

Ըստ նրա՝ գումարը կա, դպրոցը կա, պետք է արագ տեմպերով գնալ առաջ, վարկային միջոցներն արդյունավետ օգտագործել, որպեսզի մարդիկ էֆեկտը զգան։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀԲ ծրագրով 5 դպրոցներ անցած տարի շահագործման են հանձնվել, ևս 7 դպրոց շահագործման կհանձնվեն 1 տարուց։

Ն.Փաշինյանը կարևորեց որակի նկատմամբ վերահսկողությունը։ Նա կիսվեց իր տպավորությամբ. «Ավարտական կառույցի գլխին ոնց որ գրած լինի՝ պետական շինարարություն։ Տրամաբանությունը շատ երկար տարիներ մեր երկրում չի փոխվում, որ պետական շինարարություն է, կարա մի քիչ ծուռ լինի, մի քիչ գույնը էն չլինի, մի քիչ որակը էն չլինի։ Է, պետական շինարարություն ա, էլի։ Բայց ասենք, երբ սեփական շինարարություն ա՝ ամեն անկյունը ծյունինգ արած մանրամասն։ Էս տրաբանությունն ա պետք փոխել։ Հա, դե, դպրոց ա, էլի, մեկ ա երեխեքը քանդելու են։ Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան արդեն»։

«Փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցը լավ սարքած է, երեխաները չեն քանդում արդեն»,- նկատեց Արայիկ Հարությունյանը։

«Ճիշտ եք, ճիշտ եք։ Դուք՝ որպես կրթության նախարար, ձեր բարձրության վրա մնացիք՝ երեխաներին պաշտպանեցիք քանդարարության մեղադրանքից»,- կատակեց Փաշինյանը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դպրոցները շատ են՝ մոտ 400-ը, և այս տեմպերով առաջ գնալ չի ստացվի։

Վարչապետը համաձայնեց, որ նման տեմպի դեպքում վերականգման կարիք ունեցող դպրոցներն ավելի արագ կշատանան ու այդ ցիկլը չի ավարտվի։ Նա կրկնեց, որ պետք է արագացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս