«Մենք մեր առջև դրված խնդիրը մեծամասամբ լուծել ենք, խորհուրդները 99%-ով ապաքաղաքականացված են». Արայիկ Հարությունյան

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ուռուտյանին ընտրել է բուհի խորհուրդը, որտեղ կառավարությունը ներկայացված չէ։

«Մենք մեր առջև դրված խնդիրը մեծամասամբ լուծել ենք, խորհուրդները 99%-ով ապաքաղաքականացված են, այսինքն՝ շատ քիչ պաշտոնյաներ կան և պաշտոնյաների ներկայությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքով, որը մենք պատրաստվում ենք փոխել։ Եվ այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել էինք՝ բուհերի ինքնավարության բարձրացում և ակադեմիական ազատություններ մեծացում, դրանով կլուծենք»,- հայտարարեց Ա.Հարությունյանը։

Ըստ նրա՝ խորհուրդների կազմը հասարակության հարգանքը վայելող մարդիկ են, որոնք կարող են նոր որակի բերել բուհերը և բարձրացնել խորհուրդների դերը, այսինքն՝ հստակ հակակշիռներ են ստեղծվում բուհերում, որը չի կարող դրական ազդեցություն չունենալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց այս փոփոխությունները. «Մեր քաղաքական գործունեության ուղեգիծն է եղել և կա բուհերը ապաքաղաքականացնելու խնդիրը»։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ բուհերում ոչինչ չի փոխվել, Ն.Փաշինյանն արձանագրեց, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի։ Բուհերի դասախոսական և ուսանողական կազմերին վարչապետն առավել կառուցողական ակտիվության կոչ հղեց։

 

Տեսանյութեր

Լրահոս