
Գիտնականներն ԱՄՆ-ում ճարպակալման հետ կապված քաղցկեղի համաճարակ են արձանագրում

ԱՄՆ-ում երիտասարդների եւ երեխաների շրջանում քաղցկեղի՝ միանգամից վեց տեսակների զարգացման հաճախությունը կտրուկ աճել է ճարպակալման համաճարակի սրընթաց տարածման եւ դրա հետ կապված բարդացումների պատճառով: Այս մասին գրել են գիտնականները Lancet Public Health հանդեսում հրապարակված հոդվածում:
«Չնայած այն բանին, որ քաղցկեղը երիտասարդության մոտ զարգանում է ոչ այնքան հաճախ, այդ միտումները չափազանց կարեւոր են հանրային առողջության տեսակետից: Հաշվի առնելով ճարպակալման տարածման արագությունը՝ ապագայում այդ գործընթացը կարող է զրոյացնել քաղցկեղի զարգացման հավանականության նվազեցման՝ մեր բոլոր ջանքերը, որոնք ձեռնարկվել են վերջին տասնամյակներում»,- հայտարարել է Ահմեդին Ջեմալն Ատլանտայի Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ընկերությունից:
Վերլուծելով 1995-ից մինչեւ 2014 թվականն ԱՄՆ-ի բժշկական ծառայությունների կողմից հավաքված տվյալները՝ Ջեմալը եւ նրա գործընկերները պարզել են, որ ճարպակալումը սաստիկ ազդել է քաղցկեղի 12 տեսակներից վեցի զարգացման վրա, որոնք ենթադրաբար կապված են ավելորդ քաշի հետ:
Միջին հաշվով, դրանք ձեռք բերելու հավանականությունը երիտասարդների համար 2,5 – 7 անգամ եւ հասուն տարիքի մարդկանց համար 1,5 – 4 անգամ աճել է 1980-ական թվականների վիճակագրության համեմատությամբ: Ամենից շատ փոխվել է երիկամների քաղցկեղի հետ կապված իրավիճակը, այժմ երիտասարդ ամերիկացիները դրանից տառապում են 6 անգամ ավելի հաճախ, քան նրանց պապերն ու տատերը նույն տարիքում:
Այս ամենն, ինչպես նշում են գիտնականները, վկայում է, որ ճարպակալման համաճարակը շատ ավելի վտանգավոր է մարդկության առողջության համար, քան ավելի վաղ համարվում էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: