ՀՀ օրհներգի խնդիրը. հարցեր և պատասխաններ
Որո՞նք են Հայաստանի հիմնը և պետական այլ խորհրդանիշները՝ դրոշ և զինանշան, փոխելու առաջարկի ակունքներն ու արմատները
Հայաստանի պետական հիմնը, նաև՝ դրոշն ու զինանշանը փոխելու, սովետականին վերադառնալու միտքը նոր չէ: Այդ առաջարկները հնչում են դեռ 90-ականների սկզբից, և այդ տարիներից ի վեր ժամանակ առ ժամանակ բարձրացվում են այլևայլ անհատների և խմբերի կողմից: Կարելի է նույնիսկ ասել, որ հենց մեկը մի քիչ պարապ է մնում, նա հանդես է գալիս պետական խորհրդանիշները փոխելու, որպես կանոն՝ սովետականին վերադառնալու առաջարկով (հատկապես՝ զինանշանի և հիմնի մասով): Նորություն է միայն այն, որ այս անգամ այդպիսի առաջարկով հանդես է գալիս պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ԱԺ փոխնախագահը: Անկախության այսքան տարիների ընթացքում որևէ պետական պաշտոնյա նման բան իրեն թույլ չի տվել՝ նույնիսկ, եթե հոգու խորքում այդպես մտածել է:
Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ բացասական վերաբերմունքը և դրանց փոփոխության առաջարկը ծնունդ է 1980-90-ականների երևանյան քաղքենիական խավի մտածողության և հոգեբանության: Այդ՝ հիմնականում արտոնյալ սովետահայ մտավորականներից և նախկին պաշտոնյաներից բաղկացած խավը, որի համար անընդունելի էր, նաև՝ թշնամական Ղարաբաղյան շարժումը, և հատկապես՝ դրա միջոցով ձևավորված Հայաստանի անկախության պահանջը, և որը նաև զրկվեց իր արտոնյալ հանրային դիրքից Շարժման հաղթանակի արդյունքում, իր հակակրանքն անկախության գաղափարի նկատմամբ տարածեց նաև անկախության պետական խորհրդանիշների վրա:
Այս խավի մեջ էր, որ ստեղծվեց և հետո դրանից էլ դուրս տարածվեց «զինանշանը գազանանոց է», «Մեր Հայրենիքից խեղճության հոտ է գալիս» և նման բնորոշումները, որոնք մասամբ՝ բառացի, մասամբ էլ՝ ձևափոխված, իրենց գոյությունն են քարշ տալիս ցայսօր՝ վարակելով նաև մարդկանց, որոնք կապ չունեն քաղքենիական, հակաանկախական սկզբնաղբյուրի հետ: Այս նույն շրջարկի մեջ է մտնում նաև «ռուսական դպրոցների» վերաբացման հարցը, որը նույնպես ժամանակ առ ժամանակ փորձ է եղել արծարծել՝ հիմնի, զինանշանի փոփոխության հարցին զուգահեռ: Ռուսական կրթությունն այդ քաղքենի խավի գերիշխող դիրքն ապահովող կարևոր հաստատություններից մեկն էր:
Քաղքենի այս խավը, չնայած իր էլիտար հավակնություններին, տեղյակ չէր ո՛չ աշխարհից, ո՛չ էլ հայոց պատմությունից: Նրա համար «հաշիվ չէր», որ աշխարհի զինանշանների մեծ մասը «գազանանոց են», իսկ «Մեր Հայրենիքը» հայկական ազգային-ազատագրական պայքարի երգերից է, որը երգելով՝ մարդիկ գնացել են Սարդարապատի ճակատամարտ: Կարևոր չէր, որ ռուսերենն աշխարհի մասշտաբով այն լեզուն չի իրականում, որ կապի մեզ համաշխարհային արժեքների հետ, կարևորը, որ ռուսերենն իր սոցիալական արտոնյալ կարգավիճակի գործիքն էր: Նրա համար որևէ երևույթի՝ հայկական թե համամարդկային, լեգիտիմության միակ աղբյուրը մոտավորապես 1960-1987 թթ.-ի սովետականին համապատասխանելն էր՝ անկախ մնացած ամենից:
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Արամ Խաչատրյանի անունը և մնացածը միայն առիթ է, պատրվակ: Իրական խնդիրը հենց այն է, ինչ նկարագրեցինք: Օրինակ, զինանշանի դեպքում, ասում են, թե՝ բա սովետականը Սարյանի նկարածն էր, բայց երբ առարկում ես, որ ներկան էլ Թամանյանի և Կոջոյանի գծածն է, բան չունեն պատասխանելու, ոչ էլ իմանում են: Սարյան, Խաչատրյան և այլն, միայն առիթներ են անկախության խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի արտահայտման համար:
Որո՞նք են պետական խորհրդանիշների հարցի քննարկման չափանիշերը
Բնական է, որ պետական խորհրդանիշների փոփոխման առաջարկներ կարող են հրապարակվել և քննարկվել, բայց միայն մի պայմանով, քննարկողները պետք է հասկանան, թե ինչ բան է պետական խորհրդանիշը, ինչո՛վ է այն տարբերվում զուտ նկարից, երգից, բանաստեղծությունից և այլն:
Ի՞նչ բան է ընդհանրապես խորհրդանիշը: Խորհրդանիշը մի բան է, որի բովանդակությունը պայմանական է, որը նշում է, մարմնավորում է ոչ թե ինքն իրեն, այլ մեկ այլ երևույթ: Պայմանականությունը խորհրդանիշի անբաժան, էական հատկանիշն է, ատրիբուտն է: Օրինակ, օձը փաթաթված գավաթի շուրջ՝ բժշկության հայտնի խորհրդանիշն է: Դա չի նշանակում, որ օձն ինքնին անմիջական կապ ունի բժշկության հետ: Կամ էլ օձն իրապես այն իմաստուն կենդանին է, որպիսին ներկայանում է առասպելներում և հեքիաթներում: Իրական օձ կենդանուց շատ ավելի խելոք կենդանիներ կան, օրինակ, ագռավը կամ շունը: Բայց այնպես է ստացվել, որ իմաստության խորհրդանիշ է օձը: Բոլորս հասկանում ենք դրա պայմանականությունը, և ոչ մեկի մտքով չի անցնում ասել՝ եկեք, քանի որ օձն իրականում այդքան էլ խելոք կենդանի չէ, խորհրդանիշ դարձնենք ագռավին կամ շանը, և այլն: Կամ էլ բժշկության սիմվոլ դարձնենք որևէ բուժախոտ:
Պետական խորհրդանիշը նույնպես կարևորվում է ոչ թե իր անմիջական բովանդակությամբ, օրինակ, օրհներգի դեպքում, ոչ թե՝ որպես երգ ու բանաստեղծություն, այլ նախ՝ իր՝ որպես խորհրդանիշի պատմությամբ, սերունդների ընթացքում կուտակված ներուժով: Օրինակ, Ֆրանսիայի օրհներգ «Մարսելյեզի» տեքստը մի «սարսափ կինո է», որտեղ հողը ներկվում է արյամբ, ջարդվում են թշնամիների գլուխները, իսկ թշնամիներն էլ սպանում են կանանց և երեխաներին: Հաստատապես ֆրանսիացիները կարող են ավելի որակով մի բանաստեղծություն գրել կամ ընտրել իրենց համար՝ որպես հիմն:
Բայց դա բացարձակապես էական չէ: Որովհետև «Մարսելյեզը» վաղուց դարձել է ֆրանսիական ինքնության մաս: «Մարսելյեզը» փոխելու համար պետք է փոխել արդի Ֆրանսիայի ինքնությունը: Գերմանիայի արդի հիմնից երգում են միայն երրորդ տունը, որովհետև առաջին տան մեջ՝ «Գերմանիան բոլորից վեր է» հայտնի արտահայտությունն է, որը ժամանակի ընթացքում կապվել է նացիզմի հետ: Բայց չնայած դրան, գերմանացիք չեն փոխել բուն հիմնը, նույն երաժշտությունն է, նույն երգն է, միայն թե բաց են թողնում նշված տողերը: Արդյո՞ք չէին կարող պարզապես փոխել, նոր հիմն ստեղծել: Բնականաբար, ո՛վ՝ ո՛վ, բայց գերմանացիք, որոնք աշխահին տվել են լավագույն արդի կոմպոզիտորներին, հաստատ կարող էին ունենալ նոր հիմն՝ հինը կիսատ-պռատ երգելու փոխարեն: Բայց չնայած նույնիսկ նրան, որ այդ երգը կապվում է նացիզմի հետ, այն գերմանական պատմության, ինքնության մասն է, ու շարունակում է մնալ Գերմանիայի օրհներգը:
Օրինակները կարող ենք շարունակել: Անգլիայի երգի բառերն անարվեստ տափակ հանգավորումներ են, որոնց հեղինակը նույնիսկ հայտնի չէ: Իտալիայի օրհներգը կոչ է անում համախմբվել և պատրաստ լինել մահվան, որովհետև Իտալիան է կանչում: Բնականաբար, դա երգելուց, ասենք, ֆուտբոլից առաջ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները հուզվում են ոչ թե նրանից, որ պատրաստվում են իրոք մահանալ դաշտում, այլ՝ որովհետև դա իրենց ինքնության և պատմության մասն է:
ԱՄՆ հիմնը պատմում է մարտի դաշտում թևածող դրոշի մասին և ոգեկոչում է քաջերին, որոնք պատրաստ են մարտնչել այդ դրոշի տակ: Եվ այսպես շարունակ՝ անարվեստ բանաստեղծություններ, ամենևին էլ ոչ հանճարեղ երաժշտություն, անհայտ կամ քիչ հայտնի հեղինակներ, 19-րդ դարի մտածողությանը բնորոշ բառեր և կոչեր, գրեթե ամենուր՝ ճակատամարտի պատկերներ: Հայաստանի հիմնն այստեղ բացառություն չէ:
Պետական խորհրդանիշի հարցի քննարկումը չի կարող կառուցվել գեղագիտական փաստարկների շուրջ՝ լավ կամ վատ երաժշտություն, լավ կամ վատ բանաստեղծություն, լավ կամ վատ երգ, լավ կամ վատ հեղինակ: Հիմնը երգ չէ՝ սովորական իմաստով, զինանշանը կամ դրոշը՝ նկար: Դրանք քաղաքականության, ինքնության, պատմության հետ կապված իրողություններ են, և հենց այդ լույսի ներքո էլ պետք է քննարկվեն: Գեղագիտական չափանիշերը, առավել ևս՝ որևէ մեկի ճաշակին բռնել-չբռնելու հարցն այստեղ ոչ թե նույնիսկ երկրորդական է, այլ տասներորդական:
Ի՞նչ է «Մեր Հայրենիքը»՝ որպես խորհրդանիշ
Նայած՝ ում համար: Եթե մեկի համար Հայաստանի պատմությունն այսօր է սկսվում, կամ էլ լավագույն դեպքում ամփոփված է միայն սովետական շրջանով (որի արժեքը մենք բնավ էլ չենք ժխտում, բայց որը միայն մի մասն է մեր պատմության), ապա «Մեր Հայրենիքի» արժեքը նրա համար անհասկանալի է: Բայց, եթե մարդու համար Հայաստանը ոչ թե սոսկ անուն է, այլ կենդանի իրականություն, ինքնություն, անհատականություն, նրա համար «Մեր Հայրենիքը», նույնիսկ, եթե աշխարհի վատագույն երգն է՝ արժեք և սրբություն է, որի համար արժե ապրել ու մեռնել:
«Մեր Հայրենիքը» մեր վերջին 150 տարվա՝ հանուն անկախության և ազատության պայքարի երգն է: Նրա արժեքը մեկ նախադասությամբ այն է, որ սա այն երգն է, որի տակ մարդիկ շտապել են Սարդարապատի ճակատամարտ, կերտել են Հայաստանի անկախությունը: Վանի ինքնապաշտպանության ժամանակ մարդիկ երգել են «Մեր Հայրենիքը»: Եվ այսպես շարունակ: Պատմության ընթացքում կուտակած այս արժեքը չի կարող փոխարինվել որևէ այլ՝ զուտ արվեստագիտական արժեքով: Որովետև, կրկնենք ևս մեկ անգամ, պետական խորհրդանիշը զուտ երգ չէ, այլ նա առաջին հերթին՝ ինքնություն է, պատմություն և քաղաքականություն:
Երբ 1990 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ԳԽ նիստում առաջարկեց «Մեր Հայրենիքը»՝ որպես պետական օրհներգ, նա ասաց, որ սա այն երգն է, որը սիրելի է դարձել ժողովրդին: Սա ասում եմ՝ ըստ հիշողության: Բայց այս բառերի մեջ մեծ իմաստ կա՝ երգը ոչ թե ընտրվել է ինչ-որ «մասնագիտական» որոշմամբ, «մրցույթով», այլ պայքարի, տվյալ դեպքում՝ Ղարաբաղյան շարժման պայքարի ընթացքում ինքն իրանով դարձել է խորհրդանիշ, սիրելի երգ, որի հետ մարդիկ նույնացրել են իրենց պայքարը, անկախության գաղափարը: Չհասկանալ նման բաները, նշանակում է՝ կիլոմետրերով հեռու լինել երկիրն առաջնորդելու արվեստի մասին պատկերացումներից:
«Մեր Հայրենիքը», ուրեմն, ոչ միայն նախորդ, այլև ներկա սերունդների հանուն անկախության պայքարի խորհրդանիշ է:
Վերջապես այս օրհներգի ուղեկցությամբ է կերտվել նաև ներկայիս անկախ Հայաստանը, այդ թվում՝ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը և մյուս բոլոր ձեռքբերումները, նաև՝ թերացումները: Դա արդեն ոչ միայն՝ անցած, այլև՝ մեր սերնդի պատմության մասն է: «Մեր հայրենիք» երգելով ենք ապրել ուրախ և տխուր օրերը մեր վերապրած պատմության: Նույնիսկ ընդդիմադիր հրապարակային պայքարի մասնակիցների համար Հայաստանի օրհներգն է եղել այն խորհրդանիշը, որը ոգևորել է մեզ պայքարի՝ հանուն արդարության և ազատության: Պետք է միանգամայն խորթ լինել այս ամենին՝ առաջարկելու համար այսօր «Մեր Հայրենիքը» փոխել Սովետական Հայաստանի հիմնով՝ նույնիսկ, եթե դա աշխարհի ամենահանճարեղ երաժշտություն ունեցողը լինի:
Ինչո՞ւ իտալացի աղջկա երգ
Շատերը, կեղծ հայրենասիրությունից դրդված՝ ասում են, բա ո՞նց կլինի, իտալական աղջկա երգը, որտեղ երգվում է Ավստրիայի կործանման մասին, կարող է լինել անկախ Հայաստանի հիմն:
Նման հարց տվողների մի մասը պարզապես տեղյակ չէ պատմական հանգամանքներից, մյուս մասն էլ հայրենասիրությունը շփոթում է նեղ, աշխարհից կտրված հայացքի հետ:
Ինձ համար, բացի ամենից, հավելյալ արժեք է այն, որ Հայաստանի հիմնի հիմքում հենց իտալացի աղջկա երգն է: Դրա պատմական հիմքը հետևյալն է: Իտալական ազատագրական պայքարը, որի գլխավոր հերոսը Գարիբալդին էր, իր ժամանակին ոգեշնչող օրինակ և նախատիպ էր դարձել բոլոր մյուս ճնշված և պառակտված ազգերի ազատագրական պայքարների համար: Իտալիայից՝ Հունաստան, այստեղից՝ Սերբիա և Բուլղարիա, ապա ավելի արևելք՝ ընդհուպ մինչև Հնդկաստան և Չինաստան, 19-20 դարերում տարածվեց ազգային-ազատագրական պայքարի ալիքը՝ կառուցված միասնական գաղափարախոսությամբ և հիմքով, և դա համաշխարհային պատմության ժամանակի կարևորագույն միտումն էր:
Ինչպես Ֆրանսիական հեղափոխությունը հետագա բոլոր հեղափոխական շարժումների համար, այդպես էլ Իտալական ազգային-ազատագրական պայքարը դարձավ բոլորի օրինակն ու արքետիպը: Եվ շատ խորհրդանշական է, որ մեր ազատագրական մտքի, հեղափոխական պայքարի նախակարապետ Միքայել Նալբանդյանը՝ ցայսօր էլ մինչև վերջ չհասկացված ու չարժևորված, հենց իտալացիների օրինակով էր ուզում ոգեշնչել իր հայրենակիցներին: Նալբանդյանն առաջինն էր, ով կոչ արեց հայերին քաղաքական, այլ ոչ միայն՝ մշակութային ինքնուրույնության համար պայքարի:
Ընդ որում, նա նաև առաջինն էր, ով ձևակերպեց ազգային պայքարի սոցիալական երանգը՝ նրա համար ազգը նախ՝ աշխատավոր, գյուղացի խավն էր, և ազգային պայքարի նպատակը միաժամանակ նաև սոցիալական էր, և նա առաջինն էր, ով ձևակերպեց պայքարի հեղափոխական, այսինքն՝ սեփական ուժերի վրա հենվելու մեթոդը: Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր էր, բայց Միքայել Նալբանդյանը արդի հայ ազգի հիմնադիր կարող է համարվել, անկախության, հեղափոխության և սոցիալական արդարության գաղափարների հայր՝ հայկական միջավայրում:
Եվ հատկանշական է, որ հենց նրա գաղափարներով ոգևորված՝ հետագա սերունդները սկսեցին ազատագրական պայքարը, և նրա գրած բանաստեղծությունն էլ դարձավ անկախության օրհներգ, և վերջապես՝ պետական խորհրդանիշ: Սա այնքան կարևոր և բարձր արժեք է ցանկացածի համար, ում համար Հայաստանը միայն անուն և տարածք չէ, այլև պայքարի գաղափար, կյանք, նպատակ, կիրք, գերագույն սեր, որ այս արժեքների դիմաց նույնիսկ Խաչատրյանի մեծությունն է երկրորդ պլան մղվում:
Վերջապես շատ կարևոր է, որ շնորհիվ իտալական ազգային պայքարի հետ՝ նաև՝ Նալբանդյանի հետ կապի, մեր հիմնը հուշում է մեզ, որ մեր ազգայինը նեղ, ներփակ երևույթ չէ, այլ համամարդկային արժեքների, համամարդկային պատմության մաս է, նեղ իմաստով՝ ազգային չէ: Սա ոչ թե նսեմացնում, այլ միայն բարձրացնում և վեհացնում է մեր ազգայինը, մեր պայքարը: Միաժամանակ Նալբանդյանի անունը հիշեցնում է մեզ, որ ազգային պայքարն ու սոցիալական արդարության համար պայքարը, ինչպես նաև հեղափոխականությունը, նույն մեծ շրջարկի մասերն են, հարազատներ են, այլ ոչ թե հակադրված են միմյանց:
Եվ այստեղ հարցը ստանում է շատ ավելի լայն իմաստ:
Այսօրվա հեղափոխությունն էլ ունի երկու ճանապարհ:
Եթե առաջարկվում է սովետականին վերադառնալու տարբերակը, ապա սա հեղափոխություն է Երրորդ Հանրապետության դեմ, անկախության դեմ, սա հակահեղափոխություն է:
Եթե մեր առաջնորդը Նալբանդյանն է, ապա մեր ուզածն ազգային և սոցիալական ազատագրումն է, Հայաստանի անկախությունը և արդար հասարակարգը, համամարդկայինի բարձրացված ազգայինը և ազգայինի վերածված համամարդկայինը:
Նալբանդյանը մեր դրոշն է, օրհներգն ու զինանշանը:
Ու թող կործանվի «Ավստրիան»: