«Հայաստանն իր մասով է մասնակցելու բանակցություններին». Վլադիմիր Կարապետյան
«Հայկական կողմը նշել է, որ Հայաստանն իր մասով է մասնակցելու բանակցություններին։ Մենք չէ, որ պետք է բանակցություններից դուրս գանք կամ հրաժարվենք։ Խնդիրները հայկական կողմը չի ստեղծում։ Իսկ թե ինչ ընկալում կա Ադրբեջանի մոտ, դա արդեն Ադրբեջանի հարցն է։ Մենք շատ հստակ ենք արտահայտվել, դիրքորոշումը հայտնի է, ոչ մի փոփոխություն չկա, մեկնաբանության հարցն արդեն Ադրբեջանը թող որոշի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի քննարկելու «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը:
Հարցին՝ հնարավո՞ր է նման իրավիճակում, ի վերջո, հասնենք նրան, որ Ադրբեջանը համաձայնի, ու Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Վ.Կարապետյանը պատասխանեց, որ մեր ջանքերն ուղղված են դրան.
«Դա շատ տրամաբանական է, հաշվի առնելով, որ նախ՝ խնդիրը վերաբերում է հենց ԼՂ-ին, ԼՂ-ի ժողովրդին և իր ժողովրդավարական պրոցեսով ընտրված ղեկավարությանը, և նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ընդգծում են, որ իրենք չեն ներկայացնում Արցախի ժողովրդին, այլ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսինքն՝ եթե մենք հաշվի նստենք այս իրողության հետ, և, եթե բոլոր կողմերն ընկալեն այս իրողությունը, ես դա հավանական եմ համարում»։
Նա չմեկնաբանեց, թե հավանակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը, հայտնվելով ծուղակում, դիմի ագրեսիայի.
«Ես չեմ ուզում մեկնաբանել երրորդ կողմի մտադրությունները, դա անշնորհակալ գործ է։ Այդ քննարկումն իմ իրավասություններից և լիազորություններից դուրս է»։
«Ինչ վերաբերում է մեր պատրաստված լինելուն, ապա մենք մշտապես պնդել ենք, որ պատրաստ ենք ցանկացած ոտնձգությանը, սադրանքին, և գնահատման հարց է, թե Ադրբեջանն ինչ մտադրությունենր ունի։ Փաստն այն է, որ Դուշանբեի պայմանավորվածություններից հետո մենք ունենք որոշակի կայունություն շփման գծում, մենք չունենք զոհեր, իսկ առաջիկա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անելը, կարծում եմ, փոքր-ինչ անշնորհակալ գործ է»։