«Ադրբեջանական կողմը գիտակցաբար և դիտավորյալ շրջանցում է Մինսկի խմբի համանախագահների առաքելության հիմնական մանդատը». Արմեն Աշոտյան

«Ադրբեջանական կողմը գիտակցաբար և դիտավորյալ շրջանցում է Մինսկի խմբի համանախագահների առաքելության հիմնական մանդատը, այն է՝ երկարաժամկետ և կայուն խաղաղության լուծում տալը, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու անկախության համար պայքարի ճանաչումը։ Պարզ է, որ ադրբեջանական կողմը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության քաղաքական տկարությունից, փորձելու է խեղաթյուրել և թելադրել սեփական կանոնները։

Ցավոք, այդ ներքաղաքական օրակարգում դրսևորվող սիրողականությունն ու անլրջությունը տեղափոխելով արտաքին քաղաքական և, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դաշտ, Նիկոլ Փաշինյանն անձամբ ստեղծում է իրավիճակ, որտեղ լեզու է դնում ադրբեջանական մանրապճեղ չինովնիկների բերանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի քննարկելու «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները, հետևողականորեն քանդելով նախկինում ձևավորված Հայաստանի բանակցային դիրքերը, ոչինչ կայուն, երկարաժամկետ և արժանահավատ չեն ստեղծել, և նման հայտարարությունները մի կողմից՝ ստիպում են հասարակությանն այնուհանդերձ պատրաստվել ոչ թե՝ խաղաղության, այլ՝ երկարաժամկետ լարվածության ու պատերազմի, մյուս կողմից՝ ընդգծում են այն վիճակը, որում մենք հայտնվել ենք։ Ա.Աշոտյանի խոսքով՝ ներքաղաքական դատարկախոսության ֆոնին արտաքին քաղաքական սնանկությունը դառնում է ազգային սպառնալիք։

«Պետք է բոլոր ջանքերը գործադրել՝ վերադառնալու բանակցային գործընթացի այն տրամաբանությանը, որը ձևավորվեց ապրիլյան պատերազմից հետո, և որն Ադրբեջանին պետք է պարտադրեր վճարել այդ պատերազմի քաղաքական գինը, հատկապես՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը, մոռանալ Դուշանբեի պայմանավորվածության մասին, ստեղծել կայունության և միջադեպերի հետաքննության ինստիտուցիոնալ հիմքեր, ստեղծել ինստիտուցիոնալ վստահության մթնոլորտ, քիչ ժպտալ և գովել ադրբեջանական իշխանություններին՝ առավելագույնս սևեռվելով երկարաժամկետ խաղի կանոններում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովրդի շահերի լավագույնս ներկայացնելու հարցին, այդ թվում՝ վերադառնալով Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանն և պարտադրելով դրանք»,- ասաց Ա.Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս