Բաժիններ՝

Բուհերի նոր խորհուրդների պատկերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով հաստատվեցին Հայաստանի մի շարք պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը։ Վերջին մի քանի տարիներին հոգաբարձուների խորհրդի հարցը հայտնվել էր միջազգային և տեղական փորձագետների ուշադրության կենտրոնում։ Խնդիրն այն էր, որ բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված էր երկրի քաղաքական վերնախավը։

Երկրի Նախագահը, ԱԺ նախագահը, Վարչապետը, Երևանի քաղաքապետը, մարզպետները, բազմաթիվ նախարարներ և պատգամավորներ ընդգրկված էին բուհերի կառավարման խորհուրդներում։

Այս խնդիրն այնքան սրվեց, որ 2017 թվականին ներկայացված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում կետ մտցվեց, որ բուհերի կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկվել քաղաքական գործիչներ և մարզպետներ։ Օրենքի նախագիծը հասավ Ազգային ժողով, որտեղ առաջարկվեց թույլ տալ, որպեսզի խորհուրդներում 1-2 քաղաքական գործիչներ լինեն։ Դրանից հետո եղավ հեղափոխությունը։

Հեղափոխությունից հետո ոլորտի մարդկանց հետաքրքրում էր, թե ինչպիսին կլինեն նոր խորհուրդների կազմերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված մի շարք խորհուրդների կազմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր կառավարության առաջին դեմքերը՝ ՀՀ Նախագահը, Վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, նախարարներն այլևս ընդգրկված չեն բուհերի խորհուրդներում։

Կարդացեք նաև

Կար երկու բացառություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն ընդգրկվել էր Վանաձորի պետական համալսարանի խորհրդի կազմում, իսկ Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ Ագրարային համալսարանի խորհրդի կազմում։ Ներկայումս երկուսն էլ ոչ միայն՝ նախարար չեն, այլև՝ խորհրդի կազմերում այլևս ընդգրկված չեն։ Սա դրական տեղաշարժ է։ Բայց, ցավոք, խորհուրդներում դեռևս կան մարզպետներ։

Օրինակ՝ Ագրարային համալսարանի խորհրդի կազմում առաջադրվել է Արարատի մարզպետը, Շիրակի պետական համալսարանի խորհրդի կազմում առաջադրվել էր Շիրակի մարզպետը, ով ներկայումս ԱԺ պատգամավոր է ընտրվել, իսկ Վանաձորի պետական համալսարանի խորհրդի կազմում Լոռու մարզպետն է։ Նոր խորհուրդների կազմում ընդգրկված են բազմաթիվ փոխնախարարներ։ Հատկապես մեծ թվով փոխնախարարներ կան Բժշկական համալսարանի խորհրդի կազմում։

Երևանի փոխքաղաքապետը, մի քանի փոխմարզպետներ նույնպես ընդգրկված են խորհուրդների կազմերում։ Կան նաև մի քանի պատգամավորներ։ Մեծ թիվ են կազմում նաև Կրթության և գիտության նախարարության պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր, բաժնի պետեր, նախարարության ենթակայության հաստատությունների ղեկավարներ։

Բարձրաստիճան պաշտոնյաներ ընդգրկվել են հատկապես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմում։ Այստեղ խորհրդի կազմում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Վիճակագրական պետական կոմիտեի նախագահը, վարչապետի խորհրդականներ։ Տրամաբանությունը հետևյալն է. խորհուրդների ներկա կազմերում ընդգրկել ավելի ցածրակարգ պաշտոնյաների՝ հիմնականում պահպանելով իշխանությանը լոյալ լինելու սկզբունքը։

Խնդիր է նաև այն, որ նույն մարդիկ ընդգրկված են մի քանի բուհերի խորհուրդներում։ Խորհուրդների կազմերում գրեթե չկան կրթության փորձագետներ, իրավաբաններ, ֆինանսիստներ, ինչը կարող էր ապահովել խորհուրդների ավելի արդյունավետ աշխատանքը։ Կան միջազգային և հասարակական կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ,  ինչը դրական փոփոխություն է։ Մյուս դրական տեղաշարժն այն է, որ ԵՊՀ-ի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական համալսարանների խորհուրդների կազմերում ընդգրկվել են դպրոցների տնօրեններ։

Նորաստեղծ խորհուրդներից մի քանիսն արդեն նիստեր են գումարել։ Ավելին, Ագրարային համալսարանում արդեն ընտրվել է նոր ռեկտոր։ Այստեղ մտահոգիչ է այն, որ առաջադրվել է մեկ թեկնածու։ Այսինքն՝ ընտրությունը մրցակցային չի եղել։ Թեև պետք է նշել, որ ռեկտորի պաշտոնում ընտրվել է ոլորտում փորձ ունեցող, բարձրակարգ մասնագետ։

Հատկապես սպասված էին Բժշկական համալսարանի և ԵՊՀ-ի խորհրդի նիստերը։ Բժշկական համալսարանի ինտրիգն այն էր, որ վերջերս լարվել էին հարաբերությունները համալսարանի ղեկավարության և Առողջապահության նախարարի միջև, ինչի արդյունքում նախարարության ենթակայության հաստատություններից մեկի տնօրենը պաշտոնանկ արվեց։ Բացի այդ, մինչև նիստը հայտնի էր դարձել, որ մեկից ավելի թեկնածուներ են առաջադրվելու խորհրդի նախագահի պաշտոնում։

Շուրջ 4 ժամ տևած խորհրդի նիստը դրական նախադեպ արձանագրեց բուհական կրթության ոլորտում։ Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեցին երկու թեկնածուներ, որոնցից մեկը պրոֆեսիոնալ բժիշկ Էդուարդ Համբարձումյանն էր, մյուսը՝ Բժշկականի շրջանավարտ, երգահան Վահան Արծրունին։ Շատ կարևոր էր, որ այստեղ տեղի ունեցավ մրցակցային ընտրություն։ Հուսանք, որ խորհրդի նախագահի ընտրության հարցում առկա տարակարծությունները չեն անդրադառնա խորհրդի աշխատանքների վրա։

Հունվարի 22-ին էլ տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այստեղ նույնպես ինտրիգ կար։ Ստուգումների հետ կապված՝ լարված են հարաբերությունները բուհի ղեկավարության և Պետական վերահսկողական ծառայության միջև։ Այստեղ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց մեկ թեկնածու՝ Գևորգ Մուրադյանը, ով ընտրվեց միաձայն։

Գ. Մուրադյանի թեկնածությունն առաջադրվեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից, ով նշեց, որ այս քայլով իրենք ուզում են ցույց տալ, որ հների ու նորերի միջև տարբերություն չեն դնում։ Նա նկատի ուներ այն հանգամանքը, որ Գ.Մուրադյանը եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ Սա կարևոր շեշտադրում էր, քանի որ նոր պաշտոնյա՝ դեռևս չի նշանակում՝ լավ պաշտոնյա, հին պաշտոնյան էլ չի նշանակում՝ վատ պաշտոնյա։

Ցավոք, այսօր կան մարդիկ, ովքեր մտածում են, որ, եթե մարդը հեղափոխությունից հետո է պաշտոն ստացել, ուրեմն լավ մասնագետ է։ Համենայնդեպս, ԵՊՀ-ում սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Հուսանք, որ խորհրդի նորընտիր նախագահը և խորհրդի անդամները կառաջնորդվեն պրոֆեսիոնալիզմի սկզբունքով՝ համալսարանը դարձնելով իշխանական ազդեցություններից զերծ ուսումնական, գիտական, մշակութային կենտրոն։ Կառավարության, ԿԳ նախարարության ազդեցությունը պետք է էապես նվազեցնել։ Հոգաբարձուների խորհուրդը պետք է լինի հիմնական որոշողը, իսկ խորհրդի անդամները պետք է գործեն և քվեարկեն խղճի մտոք։ Մեզ իսկապես պետք են սրտացավ և անկախ բուհական խորհուրդներ։

Առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև Շիրակի պետական համալսարանում, որտեղ հայտարարվել է մրցույթ ռեկտորի պաշտոնի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս