«Քանի դեռ էս ԱԺ-ն իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտի աշխատանքի մեկնարկի օրերին ԱԺ միջանցքներում աշխույժ եռուզեռի-շփումների մեջ էր «Ժառանգության» նախկին պատգամավոր, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը, որը նոր պատգամավորների թրեյնինգների «համահեղինակներից» է:

Հիմա Դուք խորհրդարանո՞ւմ եք աշխատում, թե՞ նախագահականում, թրեյնի՞նգ եք անում պատգամավորներին, թե՞ խորհուրդներ տալիս նախագահին։

«Մեկառմեկ պատասխանեմ բոլոր հարցերին. ես ոչ միայն  Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Արցախում եմ լինում եւ համարվում եմ Մարդկային զարգացման կենտրոնի նախագահը»:

«Սորոսական» եք, էլի, փաստորեն: «Որեւէ մեկ անգամ Սորոսի հիմնադրամից գրանտ չեմ ստացել»։

Իսկ որտեղի՞ց եք ստացել։ «Տարբեր տեղերից` ԵՄ, Համաշխարհային բանկ, USAID, տարբեր հիմնադրամներից, այդ թվում եւ՝ անգլիական կառավարության»:

Իսկ հիմա՞ պառլամենտում ինչ «քայքայիչ» գործունեությամբ եք գտնվում։ «Եվ ուրեմն` քանի որ դեռ 2017-ին ունեինք հաստատված ծրագիր` ԱԺ-ի կարողությունների հետ միասին, ըստ ուղեցույցի` պայմանավորվել եմ խմբակցությունների հետ՝ այդ ուղեցույցները բաժանեն իրենց պատգամավորներին»:

Կարծում եք կօգնի՞, էլ թրեյնինգ չե՞ք անցկացնելու, ախր, հեչ չեն կարողանում քվեարկել. փողը քամուն եք տալիս։

«Առաջին մասը, որն անցկացվեց դեկտեմբերին, դրանք թրեյնինգներ չէին, դա ուղղակի աշխատանքային ժողով էր, որի ընթացքում նորընտիր պատգամավորներին ծանոթացնում էինք նյութերին, անելիքներին, իսկ ապագայում ավելի լուրջ ծրագրեր են լինելու»:

Ի՞նչ եք կարծում` Հանրապետակա՞նն էր ավելի ընդունակ, թե՞ «Իմ քայլը»: «Քանի դեռ էս Ազգային ժողովն իր բուն աշխատանքները չի սկսել, իր մտավոր կարողությունների ողջ ծավալը ցույց չի տվել, որտեղի՞ց իմանանք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս