Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին կալանավորելու որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել:
Թերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` արդեն երեք օր է՝ նախաքննական մարմինը սպասում է դատախազության պատասխանին, սակայն դատախազությունում անսովոր կերպով լռում են:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: