Փարիզում հայտարարել են «Սեզար» մրցանակի անվանակարգորդներին
Հունվարի 23-ին Փարիզում հայտարարել են «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի անվանակարգորդներին: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում ներկայացված է յոթ կինոնկար, որոնց թվում են՝ Էմանուել Ֆինկելի «Ցավը», Ժակ Օդիյարի «Սիսթերս եղբայրները» եւ Ժիլ Լելուշի «Անխորտակելիները»:
Նրանց մրցակիցներն են՝ Պիեռ Սալվադորիի «Ազատության մեջ», Կսավիե Լեգրանի «Խնամակալություն», Ալեքս Լուտցի «Գի», Ժաննա Էրիի «Մանկիկը» կինոնկարները:
«Լավագույն դերասան» կոչման համար պայքարելու են՝ Ռոմեն Դյուրիսը («Մեր ճակատամարտերը» ֆիլմում խաղացած դերի համար), Վենսան Լակոստը («Ամանդա»), Դենի Մենոշեն («Խնամակալություն»), Էդուար Բերը (Օրիորդ դե Ժոնկիերը»), Ալեքս Լուտցը («Գի»), Պիո Մարմայը («Ազատության մեջ»), Ժիլ Լելուշը («Մանկիկը»): Վիրժինի Էֆիրան, Մելանի Թիերին, Լեա Դրյուկերը, Էլոդի Բուշեն, Սանդրին Կիբեռլենը, Սեսիլ դը Ֆրանսը եւ Ադել Էնելը կարող են ստանալ «Լավագույն դերասանուհի» կոչումը:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Մարտին Մաքդոնի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանի վրա, Միսսուրի», Նադին Լաբաքիի «Քուփերնաում», Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ», Լուկաս Դոնթի «Աղջիկը», Անդրեա Պալաորոյի «Հաննա», Գիյոմ Սենեսի «Մեր ճակատամարտերը», Հիրոկաձու Կորեեդայի «Խանութների գողերը» ժապավենները: «Սեզար» մրցանակի 44-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի 22-ին տեղի կունենա Փարիզում: Միջոցառումը վարելու է դերասանուհի Քրիստին Սքոթ Թոմասը:
«Սեզար» մրցանակը 1976 թվականից ամեն տարի հանձնվում Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ տեխնիկայի ֆրանսիական ակադեմիայի կողմից: Մրցանակի հանձնման գաղափարը պատկանում է ֆրանսիացի պրոդյուսեր Ժորժ Կրավենին, որը հիմնադրել է Ակադեմիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: