««Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով». Կարեն Բեքարյան
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով…
Մի քանի նկատառում` թեմայի շուրջ:
1. Շատ դրական է, որ կան հանդիպումներ, կա շփում:
2. Բավականին հետաքրքիր իրավիճակ ունենք. մինչև հանրություններին խաղաղության պատրաստելը, կողմերի ղեկավարները, կարծես, իրենք արդեն իսկ պատրաստ են խաղաղության, եթե հաշվի առնենք, որ հանդիպումը կազմակերպվում է ո´չ ԱԳՆ խողովակներով և ո´չ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Այլ հարց է, թե ի՞նչ խաղաղության ենք պատրաստվում…
3. Խոսվում էր բանակցային սեղան Արցախի Հանրապետության լիարժեք վերադառնալու անհրաժեշտության մասին: Փաստ է, որ այս ուղղությամբ դեռևս տեսանելի արդյունք չկա, փոխարենը` մշուշոտ է դառնում համանախագահների ներկայությունը: Սակայն, ինչպես նշում է վարչապետը, հանդիպումները և զրույցները ոչ պաշտոնական են, չկա բանակցային գործընթացի մեկնարկ, եղածն էլ բանակցային գործընթացի հանգրվան չէ: Մնում է ճիգեր գործադրել լուծելու այս գլուխկոտրուկը:
Առաջացող հարցերը քիչ չեն: Չկա՞ արդյոք բանակցային գործընթացի պատմության ուսումնասիրման ավելի հարմար ձևաչափ կամ հնարավորություն, իսկ եթե խոսքը վերաբերում է հնարավորությունների դիտարկմանը` արդյոք դա բանակցային գործընթացի մաս չէ՞:
Եվ իհարկե, հնարավոր չէ չանդրադառնալ հանդիպման տևողության խնդրին: Նշված ժամանակահարտվածն, անկասկած, շատ քիչ է բանակցային գործընթացի պատմությունը միասին ուսումնասիրելու կամ քննարկելու համար: Հետևաբար, ամրագրենք` նախանշվեց այնպիսի բովանդակություն և թեմա, որի շուրջ կարելի է դեռ 20 հանդիպում էլ ունենալ` միջինում 1.5 ժամ տևողությամբ, և թեման լիարժեք չսպառել… Եվ, իհարկե, այդ բոլոր հանդիպումները կլինեն «ոչ պաշտոնական»: Ինչ արած, փորձենք հավատալ, որ հնարավոր է 1.5 ժամվա ընթացքում չանդրադառնալ կիրառական քաղաքականության հարցերին, կարգավորման գործընթացին և այլն:
Ամփոփելն, իհարկե, դյուրին գործ չէ…
Հուսամ` վերջապես կդադարենք լուսանկարների և տեսանյութերի վերլուծությամբ փորձել հասկանալ տրամադրություններ կամ եզրակացություն կազմել թեկուզ և ոչ պատոնական բանակցությունների բովանդակության վերաբերյալ: Ինձ համար անհասկանալի են բոլոր այն մոտեցումները, գրառումները, արձագանքները, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով հենվում են լուսանկարներից կամ տեսանյութերից ստացած տպավորության վրա:
Երկրորդ, մնում է հուսալ, որ այս ողջ գործընթացի, այս «ոչ պաշտոնական դիվանագիտության» ընթացքի մեջ ռիսկերը հաշվարկված են` սկսած համանախագահներին հետ պահելուց վերջացրած բանակցություններին մեկնարկ չտալով: Եթե ռիսկերը հաշվարկված են, և այս ընթացքն ունի բոլորիս համար ընդունելի նպատակակետ, կարելի է, բնականաբար, ողջունել, որովհետև, նորից կրկնենք, ընդհանրապես հանդիպումներն ու շփման փաստը ողջունելի են:
Հ.Գ. երկու հղում վարչապետին`
1. Դավադրություն լինել չի կարող:
2. Բոլթոնի հետ հեռախոսազրույցում (պարզ չէ հեռախոսազրույցի նախաձեռնողը) Արցախի հարցին անդրադարձ չի եղել»: