Ինչի՞ վրա է հույսը դրել կառավարությունը

Նիկոլ Փաշինյանն այս օրերին մասնակցում է Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին` նպատակ ունենալով ներդրումային գործընկերներ գտնել Հայաստանի համար։ Իր այս ձգտումների մեջ գործող վարչապետը, անշուշտ, եզակի չէ։ Դավոսյան հարթակի միջոցով ներդրումներ բերելու փորձեր ժամանակին ևս արվել են։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Գրեթե կասկած չկա, որ նույնը լինելու է նաև այս անգամ։ Դավոսից վերադառնալու ենք մեծ-մեծ խոստումներով, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնալու։

Պատճառը պետք է փնտրել ոչ թե ներդրողների, այլ ներդրումային այն միջավայրի մեջ, որն առկա է Հայաստանում։ Ու քանի դեռ պահպանվում է այդ իրավիճակը, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, ներդրումային լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ։

Պատահական չէ, որ անգամ թավշյա հեղափոխությունը, որի հետ այդքան մեծ հույսեր էին կապվում, չփոխեց իրավիճակը։ Չէր էլ կարող փոխել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներդրումային առավելություններն ու թերությունները։ Թերությունները, անշուշտ, շատ ավելին են, քան առավելությունները։

Ի սկզբանե էլ պարզ էր, որ իշխանափոխությունից հետո ներդրումների հետ կապված լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Կապիտալն ազգություն չի ճանաչում և պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ իր համար աշխատելու ավելի լավ ու գրավիչ պայմաններ կառաջարկվեն։

Իսկ ի՞նչ ունի այսօր Հայաստանն առաջարկելու օտարերկրյա ներդրողներին։ Գրեթե ոչինչ։ Չկա տնտեսական գործունեության համար բարենպաստ մթնոլորտ, չկա ներդրումային նորմալ օրենսդրություն, ներդրումների պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է, ներդրողների իրավունքները կարող են ոտնահարվել ցանկացած պահի, խիստ սահմանափակ են ներքին շուկայի իրացման հնարավորությունները, չկան բարվոք ենթակառուցվածքներ, արտահանման և արտաքին շուկաներ դուրս գալու ուղիները խիստ սահմանափակ են։ Միակ ցամաքային ճանապարհը, որով Հայաստանը կապվում է արտաքին աշխարհի հետ, տարին տասներկու ամիս խնդրահարույց է։

Այս պայմաններում միամտություն է կարծել, որ ներդրումները կգան Հայաստան, որքան էլ իշխանությունները կոկորդ պատռելով հայտարարեն, թե իրավիճակ է փոխվել։

Այն, ինչ առաջարկվում է, չափազանց քիչ է ներդրողների համար։ Հայաստանում չկա նույնիսկ ներդրումային նպաստավոր մթնոլորտ։ Իսկ դրա մեղավորն առաջին հերթին՝ գործող իշխանությունն է, որն իր կարճատև գոյության ընթացքում հասցրել է բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ հարուցել ներդրողների համար։ Ու դեռ երկար ժամանակ անհրաժեշտ կլինի իշխանությանը` ներդրողների շրջանում ձևավորված վատ համբավը և անբարյացակամ վերաբերմունքի լուրջ հետևանքները թոթափելու համար։

Անշուշտ, այնպես չէ, որ Հայաստանում ընդհանրապես ներդրումներ չեն լինելու։ Բնականաբար կլինեն, բայց այնքան, ինչքան մինչև հիմա` մի քիչ շատ, մի քիչ` քիչ։ Ներդումային մեծ ակնկալիքներ չպետք է փայփայել։ Սա կառավարությունը վաղուց պիտի որ հասկացած լիներ ու ներդրողներին հրավիրելուց առաջ մտածեր, թե ինչ է արել ներդրողներին գրավելու համար։

Բնավ զարմանալ պետք չէ, որ արտաքին կապիտալը հետաքրքրված չէ Հայաստանով։ Ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտները տնտեսության մեջ չափազանց քիչ են։ Դրանք սկսվում և ավարտվում են հիմնականում հանքարդյունաբերությամբ ու էներգետիկայով։ Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Իշխանափոխությունից հետո դաշտն ավելի է նեղացել։

Հանքարդյունաբերությունը դարձել է թիրախ նոր իշխանությունների համար։ Տնտեսության այս առանցքային ճյուղը, որը միշտ գրավել է ներդրողներին, կառավարության թեթև ձեռքով հայտնվել է խիստ ռիսկային վիճակում։ Այն այլևս չի համարվում հեռանկարային ներդրողների համար։

Նույն վիճակն է նաև էներգետիկայում։ Մի շարք, այդ թվում՝ նաև խոշոր ծրագրեր, տարբեր պատճառաբանություններով, իշխանափոխությունից հետո հետաձգվում են։ Դանդաղել է մյուսների իրականացման ընթացը։ Ներդրողների շրջանում խարխլվել է վստահությունը Հայաստանի տնտեսական միջավայրի նկատմամբ։

Ներդրումային հետաքրքրությունները Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերում ցածր են։ Եթե այդպիսիք նույնիսկ կան, ապա ներդրումային մեծ ծավալներ դժվար է սպասել։

Իշխանափոխությունը ոչ միայն չբարելավեց, այլև ավելի վատացրեց Հայաստանի ներդրումային մթնոլորտը։ Թերևս պատահական չէ, որ դրանից անմիջապես հետո արտաքին կապիտալի ներարկումները կտրուկ նվազեցին։

Պետք է հասկանալ, որ ներդրումները երկնքից չեն ընկնում։ Դրանց ներգրավման համար պահանջվում է երկարատև և ծանր աշխատանք։ Դեռևս ոչինչ չավելացրած կատարվածի վրա` կառավարությունն իր քայլերով լուրջ հարված հասցրեց երկրի ներդրումային միջավայրին։ Ու դեռ հարց է, թե որքան ժամանակ պետք կլինի այն վերականգնելու համար։

Պոտենցիալ ներդրողներին համոզել, որ ներդրումները պաշտպանված են, բայց մյուս կողմից` կասեցնել խոշոր ներդրումային ծրագրերը, առնվազն զավեշտ է։ Այդ պայմաններում որևէ երաշխիք չի կարող լինել, որ արտաքին կապիտալը կգա Հայաստան։ Ինչպես նախկին, այնպես էլ ներկա փորձը ցույց է տալիս, որ ներդրումների պաշտպանվածությունը մեր երկրում վատ վիճակում է։ Չկա նորմալ ներդրումային օրենսդրություն։

Այնպես որ, ներդրողներին սպասելուց և ներդրումային բում խոստանալուց առաջ լավ կլիներ, որպեսզի կառավարությունը մտածեր ներդրողի պաշտպանվածության ապահովման մասին։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ այլևս որևէ պաշտոնյա փայ չի մտնի ներդրողի հետ կամ չի փորձի խլել նրա բիզնեսը, ու դրանով բոլոր հարցերը լուծվեցին։

Ներդրողին հարկավոր են ոչ միայն ներդրումային լավ միջավայր ու մթնոլորտ, այլև իրավական հստակ երաշխիքներ։ Առավել ևս, որ կառավարությունները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի գլխավորած, հավերժ չեն։ Ինչ-որ պահից դրանք պարտադիր փոխվելու են։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ եկող իշխանությունը ներդրողների հետ չի վարվի այնպես, ինչպես վարվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իշխանափոխությունից հետո։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է փնտրել ներսում։

Այսօր Հայաստանի ներդրումային դաշտի նկատմամբ վստահություն չունի անգամ ներքին կապիտալը, ուր մնաց թե՝ ունենա արտաքին ներդրողը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս