
Յուլյա Տիմոշենկոն առաջադրվեց Ուկրաինայի նախագահի թեկնածու

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցությունը հունվարի 22-ին տեղի ունեցած համագումարում իր առաջնորդին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Յուլյա Տիմոշենկոյին, առաջադրել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու:
«Մեծ երկիրն է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,- համագումարում հայտարարել է Տիմոշենկոն:
Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝ պայքարելու նախագահի պաշտոնի համար: 2010 թվականին Տիմոշենկոն, քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով, ձայների 3,48 տոկոս տարբերությամբ պարտվեց Վիկտոր Յանուկովիչին: 2014 թվականին նա պարտվեց գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որն ընտրվեց առաջին փուլի արդյունքներով:
Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: Ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 31-ին: Նույն օրն էլ սկսվել է նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը եւ փաստաթղթերի հանձնումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրանց գրանցելու համար:
Տիմոշենկոն, սոցիոլոգիական հարցումների համաձայն, վերջին ամիսների ընթացքում մնում է նախագահական վարկանիշի առաջատարը: Պորոշենկոն պաշտոնապես դեռ չի հայտարարել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: