«Ռուսաստանը պետք է օտարերկրացուն հանձնի Ղազախստանին». Լարիսա Ալավերդյանը՝ Կարագանդայում սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի մասին

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպը չպետք է քաղաքականացնել, կապել ՀԱՊԿ-ի հետ: Այս երկրում հաճախ են նման վեճեր լինում, հետևաբար՝ այստեղ ինչ-որ ծուղակ տեսնելը զարմանալի է: Վերջին տարիներին շատ հայեր են Ղազախստանում որպես բիզնեսմեն կայացել, չպետք է այդ հողը քանդենք մեր ձեռքերով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն  Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից այս դեպքը շահարկելուն՝ նկատեց. «Այդ երկիրը ստեղծվել ու կայացել է ցեղասպանական նպատակը շարունակելու, ավարտելու առաքելությամբ: Ադրբեջանն այս դեպքը շահարկելու է դեռ երկար ժամանակ: 10 տարի հետո էլ որևէ դեպքի ժամանակ սա հիշեցնելու են:

Խոսելով Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի մասին, ով  ձերբակալվել է Ռուսաստանում, և հիմա քննարկվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց.

«Ինչքան տեղյակ եմ՝ նա չունի երկքաղաքացիություն, Ռուսաստանի քաղաքացի չէ և այս առումով օտարերկրացի է:

ԱՊՀ երկրների կողմից երկու կոնվենցիաներ կան ստորագրված. մեկը Մինսկի կոնվենցիան է՝ կնքված 1993 թվականին, և քիշնևյանը, որը կնքվել է 2002 թվականին: Հիմա Ղազախստան-Ռուսաստան հարաբերությունները Մինսկի կոնվենցիայի ներքո են: Ռուսաստանը պետք է օտարերկրացուն հանձնի Ղազախստանին»:

ՄԻՊ նախկին պաշտպանը ողջունեց բոլոր այն բանակցությունները, հեռախոսային խոսակցությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների միջև:

«Պետք է դրանք շարունակվեն, որովհետև եթե լինի դատավճիռ, ապա դրանից հետո Հայաստանը կպահանջի, որ այդ անձն իր պատիժը կրի ՀՀ-ում, քանի որ այստեղի քաղաքացի է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել էր, երեքը վնասվածքներ էին ստացել։

Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ:

Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս