Ներման հանձնաժողովը՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին
Արդեն մի քանի օր լուրեր են շրջանառվում այն մասին, թե շուտով ազատ է արձակվելու նորանկախ Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով նախ՝ գնդակահարության, ապա՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։
Հիշեցնենք, որ ըստ դատավճռի՝ նա հանցավոր համաձայնության գալով ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, 1996թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին խաբեությամբ տարել է Արամ Հարությունյանի Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 21 շենքի թիվ 18 բնակարան, վերջինիս սպանելու ու դիակը վերադարձնելու համար նրա հորից 20.000 ԱՄՆ դոլար պահանջելու և շահադիտական դրդումներով նախապես թաքցրած տեղից վերցրել է երկաթյա պտուտակող բանալին և հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի ու ողնաշարի հատման շրջանում և տեսնելով, որ այդ հարվածով չի սպանել նրան, դրսևորելով առանձնակի դաժանություն, նույն երկաթյա բանալիով շարունակել է հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի տարբեր մասերին, այնուհետև ձեռք գցելով նրա պարանոցին, փորձել է խեղդամահ անել:
Արդյունքի չհասնելով՝ Արամ Հարությունյանից դանակ է պահանջել և դանակով մահացու հարվածներ հասցրել Իոսիֆ Աղաջանովի դեմքի ու պարանոցի շրջանում, որից հետո արդեն իսկ հատակին ընկած Իոսիֆ Աղաջանովի կոկորդը դանակով կտրել է Արամ Հարությունյանը: Շահադիտական դրդումներով և առանձնակի դաժանությամբ Իոսիֆ Աղաջանովին սպանելուց հետո նրա դիակը տեղավորել են նախապես այդ նպատակով գնած պայուսակի մեջ և այն տնից տեղափոխելով՝ թաքցրել են Երևան քաղաքի Նորքի 8-րդ զանգվածի շրջակայքում՝ քարերի տակ։
Ինքը՝ Մհեր Ենոքյանը, այժմ չի ընդունում իր մեղքը, սակայն ժամանակին նա ինքնախոստովանական ցուցմունք այդ մեղադրանքի մասով տվել է։
Տուժող Իոսիֆ Աղաջանովի իրավահաջորդ Միխայիլ Աղաջանովը, ով սպանված տղայի հայրն է, բազմիցս իր հրապարակային ելույթներում վերահաստատել է իր այն դիրքորոշումը, թե Մհեր Ենոքյանի մեղքն ապացուցված է, նա է իր որդուն սպանել, և այս գործում որևէ մութ անկյուններ չկան։ Նա անգամ կոչով դիմել է երկրի ղեկավարներին։
Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերի 30-ին Միխայիլ Աղաջանովը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով 22 տարի առաջ կատարված հրեշավոր սպանության մեղադրյալին ներում չշնորհել, քանի որ «պետությունը կատարել է իր օրինական գործառույթը, և սառնասիրտ ոճրագործ մարդասպանը ցմահ պատիժ է կրում», և դրանով են գոնե մի փոքր իրենք սփոփվում։
Եվ ահա հայտնի դարձավ, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել
Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի, ու նա ազատ կարձակվի 22 տարի անց։
Հիշեցնենք նաև, որ ազատազրկման տարիներին նա 2 անգամ փախուստ է կատարել։ Առաջին անգամ՝ 2004 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկից, իսկ երկրորդ անգամ՝ 2009թ. նոյեմբերի 27-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ուր պահվում է մինչ օրս։
Թե որքանով են հավաստի Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին լուրերը, ցույց կտա ժամանակը, սակայն պետք է մտածել նաև տուժողի իրավահաջորդների զգացմունքների մասին, երբ կլսեն, որ, ըստ դատավճռի, որը նրանք անբեկանելի են համարում, իրենց 19 տարեկան որդուն շահադիտական նպատակներով դաժանաբար սպանած մարդը հայտնվել է ազատության մեջ։