Բաժիններ՝

Brexit-ի գործընթացն անշրջելի է. բրիտանական կառավարություն

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է: Այդ մասին հայտարարել է Brexit-ի հարցերով փոխնախարար Մարտին Քալլանանը:

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ն լքի 2019 թվականի մարտի 29-ին: Հոկտեմբերին բրիտանական կառավարությունը եւ ԵՄ-ն երկար ամիսներ տեւած բանակցություններից հետո պայմանավորվեցին այն համաձայնագրի տեքստի շուրջը, որը սահմանում էր դուրս գալու պայմանները:

Բայց արդեն դեկտեմբերին բրիտանական իշխանությունները հայտարարեցին առանց համաձայնագրի Brexit-ին նախապատրաստվելն ակտիվացնելու մասին, որը մինչ այժմ խորհրդարանը չի վավերացրել:

«Մենք ԵՄ-ի կազմից դուրս կգանք այս տարվա մարտին»,- ասել է Քալլանանը Բրյուսելում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե շրջելի է արդյոք Brexit-ը: Նա հավաստել է, որ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում քվեարկությունը կկայանա «հաջորդ շաբաթ»: Վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտարարել է, որ դա տեղի կունենա հունվարի 14-ին կամ 15-ին:

Ավելի վաղ EY կոնսալտինգային ընկերությունը, որն ուսումնասիրել է ֆինանսական ծառայությունների բրիտանական շուկայի 222 խոշորագույն խաղորդների հրապարակային հայտարարությունները, եկել է այն եզրակացության, որ բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն:

«Ելնելով ներկա իրադրությունից եւ կարգավորիչների սպասումներին համապատասխան՝ ֆինանսական ընկերություններին այլ ընտրություն չի մնում, քան միայն պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ի սցենարին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների հատվածում EY-ի պրակտիկայի ղեկավար Օմար Ալին:

Ընկերությունների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) նշել են ակտիվների եւ աշխատակիցների տեղափոխման վերջնական կետը: Ըստ EY-ի տվյալների՝ առաջատարներն են Դուբլինը, Լյուքսեմբուրգը, Ֆրանկֆուրտը եւ Փարիզը: Ավելի վաղ Անգլիայի բանկը նախազգուշացրել է, որ առանց միասնական շուկա մուտքի պայմանների վերաբերյալ համաձայնագրի կնքման ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետեւանքներն ավելի վատ կլինեն, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս