«2019 թվականին Արցախի հարցի կարգավորման ոչ ցանկալի տարբերակի քննարկումը կարող է դառնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը». Գարիկ Քեռյան

«Կցանկանայի, որ 2019 թվականին մեր խորհրդարանն իր գործունեության մեջ կարողանար իրականացնել այն գործառույթները, որով նախատեսված է խորհրդարանական հանրապետության մեջ իր արժանի տեղն ունեցող խորհրդարանին։ Կարողանա ներդաշնակ աշխատել գործադիր իշխանության հետ, և նախկին դիսբալանսը, որ ունեինք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, այլևս չունենանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով 2019 թվականին ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության ոլորտների սպասելիքներին։

Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ 2019 թվականին Արցախի հակամարտության հարցում ՀՀ գործադիր իշխանությունը կարողանար հաղթահարել եկող մարտահրավերները:

«Կցանկանայի, որ արցախաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանում պահպանվեր խաղաղություն, որը, թերևս, մեզ համար ամենկարևորն է՝ հատկապես երիտասարդ կյանքերի պահպանման առումով։ Ցանկալի կլիներ, որ մեր երկիրը ոչ թե խոսքով, այլ գործով կարողանար զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և կարողանար  կարգավորել գազի գինը, քանի որ այն ունի՝ ինչպես լուրջ սոցիալական մարտահրավեր, այնպես էլ՝ տնտեսական և քաղաքական։ Գազի գինը կարող է դառնալ նաև բավականին տհաճ գործընթացների պատճառ, եթե այսօրվա գինը չպահպանվի, կամ սահմանվի այնպիսի գին, որի դեպքում հնարավոր չլինի Հայաստանում պահպանել նորմալ սոցիալական իրավիճակ»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Նա նշեց, որ 2019 թվականին կցանկանար տեսնել այնպիսի բարեփոխված օրենսդրական դաշտ, հատկապես տնտեսական, հարկային և մաքսային ոլորտների մասով, որը Հայաստանը համաշխարհային բիզնես կենտրոնների համար կդարձներ ավելի գրավիչ՝ ոչ թե թղթի վրա, այլ գործնականում։ Եվ այն տնտեսական սպասվելիք տեղաշարժը, որը խոստացել են նոր իշխանությունները՝ դառնար իրականություն։

Անդրադառնալով աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և այդ համատեքստում 2019 թվականին Հայաստանին սպասվող ամենամեծ մարտահրավերներին, Գագիկ Քեռյանը նկատեց, որ հաջորդ տարի ամենամեծ մարտահրավերը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրացումն է, որը կարող է բարդացնել իրավիճակը՝ կապված Իրանի հետ:

«Տեսնում եմ նաև մարտահրավեր՝ կապված Արցախի հակամարտության կարգավորման ինչ-որ անցանկալի տարբերակի քննարկման հետ, որը Հայաստանի համար կարող է դառնալ բավականին լուրջ մարտահրավեր»,- եզրափակեց Գ. Քեռյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս