«2018թ. գյուղատնտեսության համար անկումային տարի էր. խնդիրները լուծելու համար պետք է աշխատել, չնթռլո չլինել». Հրաչ Բերբերյան

2018թ. գյուղատնտեսության համար անկումային տարի էր։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Մոտ 9 հազար հեկտարով բանջարեղենի ցանքատարածություններն են պակասել, թեև վիճակագրությունը 6.5 հազար հեկտար է ցույց տալիս։ 2018թ. անասնագլխաքանակը պակասել է մոտ 20 հազարով, 2017թ.՝ 60 հազար էր։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերականգնման համար մոտ 4-5 տարի կպահանջվի, եթե այսօրվանից սկսեն ճիշտ աշխատանք տանել։ Մենք հայտարարում էինք, որ կարտոֆիլը 400 դրամ կդառնա, արդեն 310 դրամ է սուպերմարկետներում։ Դա անդրադառնալու է ազգաբնակչության կենսամակարդակի վրա»,- ասաց նա։

Հրաչ Բերբերյանը նկատեց. «Կառավարությունը «նվեր» արեց գյուղացուն՝ Նոր տարվա դիմաց Գյուղատնտեսության նախարարությունը փակելու մասին հայտարարվեց, դա էլ է հարված գյուղատնտեսությանը, որի պտուղները հետո կտեսնեք։ Աշխարհում այնպիսի երկիր չկա, որ գյուղատնտեսության նախարարություն չունենա, Հայաստանը բացառիկ երկիր կդառնա։ Մոռանում են, որ գյուղատնտեսության համակարգը ոչ թե արտադրող լոկոմոտիվ է, որ բարիք է ստեղծում, տնտեսական ցուցանիշ է ցույց տալիս, այլև կարող է ներդրումներ բերել։ Ամեն ինչ անում են մեզ դրանից զրկելու համար»։

Ինչ վերաբերում է 2019թ. սպասելիքներին, Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ կոնկրետ իրենց միավորումը մի շարք ծրագրեր պետք է իրականացնի։ «Մենք փորձելու ենք մեր ֆերմերներին ապահովել պարարտանյութով։ Եթե խոչընդոտներ չլինեն կառավարության կողմից, հենց այս ամսվանից էլ կսկսենք։ Կաշխատենք այն գինը սահմանել, որը նախորդ տարվանից 1000 դրամ էլ պակաս կլինի։ Երկրորդ ուղղությունը՝ սերմացուով գյուղացուն ապահովել, որ գոնե կարտոֆիլի ցանքատարածությունները կայունացնենք։ Եվ, իհարկե, եթե կառավարությունը մեզ վստահի, մենք կվերականգնենք այդ 9 հազար հեկտարը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ունեն մշակած ծրագիր։

«Եթե խնդիրը կա, ուրեմն՝ լուծումն էլ ունենք։ Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները լուծելու համար պետք է աշխատել, չնթռլո չլինել»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս