Մշակույթի նախարարության աշխատակիցները նախկինում չեն մտածել, որ նախարարությունը կարող են կրճատել
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները շարունակում են պնդել, որ, եթե կառավարությունը Մշակույթի նախարարությունը միացնի Կրթության և գիտության նախարարությանը, ապա կոչնչացնի մշակութային արժեքները։
ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանի խոսքով՝ շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով և նախատեսված է Մշակույթի նախարարության կրճատումը, բարդ փաստաթուղթ է, և իրավական առումով ունի թերություններ։
«Տվյալ փաստաթղթով նախատեսված էր Մշակույթի նախարարությունը միացնել ԿԳ և սպորտի նախարություններին, այսինքն՝ ստացվում էր մի սուպեր նախարարություն, և ստեղծվում է մի իրավիճակ, որի արդյունքում միավորվում է պետության համար ամենախոցելի երեք բնագավառները»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ե. Մարգարյանը։
Ըստ նրա, այս երեք ոլորտներն էլ խնդրահարույց են, որոնք տարիներ շարունակ առանձին կառավարման արդյունքում ունեցել են՝ ինչպես թերություններ, այնպես էլ՝ առաջադիմական ծրագրեր։
«Մշակույթը բազմաշերտ բնագավառ է, բավականին մեծ խնդիրներով, Խորհրդային Միությունից մենք ժառանգել ենք այս ոլորտը, որտեղ քաղաքական և գաղափարախոսական ազդեցության արդյունքում լուրջ վնաս է կրել մեր մշակույթը։ Մենք արդեն իսկ կորցրել էինք ավանդական մշակույթի հսկայական մի շերտ։ Անկախության առաջին տասնամյակում մշակութային քաղաքականությունը հիմնականում ուղղված էր մշակութային ենթակառուցվածքները չկորցնելուն, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նոր սկսում էինք ոտքի կանգնել և հստակեցնել մեր մշակութային քաղաքականությունը»,- ասաց Երանուհի Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ Մշակույթի նախարարությունը, որպես առանձին կառույց, կարևոր է պետության համար, ուստի պետք է շարունակի իր գործունեությունը՝ մշակի մշակութային քաղաքականություն, հայեցակարգեր, ունենա հզոր իրավական լծակներ, որ մինչև այսօր չկար։
Հարցին՝ վաղուց էին լսել, որ նախարարությունները պետք է կրճատվեն, ինչո՞ւ ավելի վաղ չէին բողոքում, Ե. Մարգարյանը պատասխանեց, որ Մշակույթի նախարարության կրճատման հետ կապված նախկինում խոսակցություններ չեն լսել. «Մշակույթի նախարարությանը կարող են միացվել նաև այլ բնագավառներ, բայց ոչ այնպիսիք, որոնք սերտորեն առնչվում են ազգի ինքնության հետ։ Այդ պատճառով էլ չէինք մտածել, որ Մշակույթի նախարարությունը կարող է ածանցվել այլ բնագավառի հետ»,- շեշտեց Երանուհի Մարգարյանը։
Ըստ կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի՝ Հայաստանում պետական համակարգի գերծանրաբեռնվածությունը ժառանգվել է Խորհրդային Միությունից, 1987 թվականին եղել է 29 նախարարություն։
«Վերջին քսան տարիների ընթացքում մենք ունեցել ենք կառավարման համակարգի փոփոխություններ, նախարարություններից, պետական կառավարչական գործառույթից առանձնացվել է մասնագիտական ծառայության մատուցումը։ Շատ է խոսվում ՊՈԱԿ-ից, դրանք ըստ էության մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություններ են։ Այս առումով պետական կառավարման համակարգը բավականին բեռնաթափվել է»,- նշեց Սերոբ Անտինյանը և հավելեց, որ պետք է տարբերակել պետական համակարգը պետական կառավարչական ապարատից։
«Մինչև նման որոշման կենսագործումն անհրաժեշտ է, որ մասնագետների հետ անցկացնեն խորքային քննարկումներ՝ ինչ եղանակով իրականացվի այս օպտիմալացումը, որպեսզի վնաս չտանք մեր պետականությանը»,- ընդգծեց կառավարման փորձագետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան