«Կառավարությունը կորցնում է լուրջ ներդրողներ, մենք կորցնում ենք մեր գործընկերներին». ո՞ւմ է ձեռնտու Ամուլսարի չաշխատելը
Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ
– Պարոն Ստեփանյան, Ամուլսարը կառուցվում էր միջազգային բանկերի ֆինանսավորմամբ, և Դուք միշտ ասում էիք, որ իրենց չափանիշները խիստ միջազգային չափանիշեր են, այնուամենայնիվ Ամուլսարն այսօր միակ ծրագիրն է, որ կանգնած է: Ձեր կարծիքով՝ կա՞ն արդյոք խնդիրներ մյուս հանքերում, և, եթե կան, ինչո՞ւ են դրանք շարունակում աշխատել։
– Խնդիրները շատ են մյուս հանքերում։ Պատճառներից մեկը, թե ինչու այսօր ունենք այս խնդիրը՝ թերահավատությունն Ամուլսարի հանդեպ, հենց հանքարդյունաբերության վատ պատմությունն է։ Ոչ մի հիմք չունի ՀՀ մտահոգ քաղաքացին՝ հավատալու հանքարդյունաբերությանը, որովհետև թե՛ նախկինում, թե՛ ներկայումս կա շատ հետաքրքիր փորձ շրջակա միջավայրի հանդեպ։ Այսինքն՝ պատճառներից մեկը հենց մեր երկրում վատ հանքարդյունաբերությունն է։ Ինչո՞ւ են նրանք աշխատում, մենք՝ ոչ, միգուցե շատերը սա մեկնաբանում են՝ որպես երկակի ստանդարտներ, միգուցե նրանք ճիշտ են։ Այսօր, փաստացի, շատ տարբեր ամբիոններում և հարթակներում հնչեցված դրական եզրակացություններն Ամուլսարի վերաբերյալ մի կողմ են դրվում և էմոցիոնալ հարթակից են փաստարկներ բերվում։ Վախի տարածման մանիպուլյացիոն սխեմաների պատճառով այսօր մարդիկ ավելի բուռն ձևով արտահայտեցին իրենց վախերը, դրա արդյունքում մենք չենք աշխատում։
– Ի վերջո, ինչո՞ւ հենց Ամուլսարը թիրախավորվեց։
– Ամուլսարն այսօր միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որ այս չափի շինարարական փուլում է, որպես ներդրում՝ միակն է Հայաստանում, ֆինանսավորվում է միջազգային բանկերի կողմից, միջազգային ներդրում է, թափանցիկ ենք, մեր բոլոր հաշվետվությունները տեղադրում ենք մեր կայքերում, այսինքն՝ շատ պատճառներ կան։ Բայց ամենակարևորն այն է, որ էմոցիոնալ հարթության վրա այսօր ունենք այդ պատկերը։
– Ո՞ւմ է ձեռնտու, որ Ամուլսարը չաշխատի՝ կառավարությա՞նը, ակտիվիստների՞ն։
– Ամենաքիչը դա ձեռնտու է մեզ և կառավարությանը. կառավարությունը կորցնում է լուրջ ներդրողներ, մենք կորցնում ենք մեր գործընկերներին, աշխատանք, լավ նախագիծ, և այսօր սրանից օգտվում են շատ այլ ուժեր, որոնց սա միգուցե ձեռնտու է։
– Կառավարությունն ասում է, որ միջազգային փորձաքննություն է անհրաժեշտ որոշելու համար ջրերի վրա ազդեցությունը, բայց հայտարարել եք, որ ընկերությունն ունի պետականորեն անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, և իրավական տեսանկյունից կարող է աշխատել: Ի՞նչն է խնդիրն այդ դեպքում։
– Առաջին անգամը չէ, որ միջազգային փորձաքննությունն է անցկացվում։ Մենք 2014 թվականից սկսած մի քանի անգամ միջազգային փորձաքննություն անցել ենք, դա պահանջ է բանկերի կողմից. այսինքն՝ ներգրավվում է շահերի բախում չունեցող կազմակերպություն, որն իրականացնում է այդ աշխատանքները։ Մենք՝ որպես ընկերություն, այն կարծիքին ենք, որ ինչքան շատ փորձաքննություն անցկացվի, այդքան ապացուցվում են այն կանխատեսումները, որոնք բերել ենք շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մեր տարբեր հաշվետվություններում։ Այսինքն՝ փորձաքննությունից մենք երբեք չենք խուսափել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի փորձաքննություն, եթե հստակ հիմքեր չկան, չի կարող հիմք դառնալ աշխատանքների դադարեցման համար։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մենք ունենք, չկա օրենքին հղում կատարող որևէ որոշում, որի պատճառով մենք այսօր պետք է դադարեցնեինք մեր աշխատանքները։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ դու ունես բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բոլոր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, բայց չես կարող աշխատել, իսկ պատճառը հիմնավորված չէ։ Մի քանի անգամ տարբեր պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում նշել են, որ այսօր բերված փաստարկները միայն էմոցիոնալ հարթության վրա են։
– Այնուամենայնիվ, որպես մասնագետ՝ ինչ եք կարծում՝ կա՞ն արդյոք բավարար ապացույցներ, որ Ամուլսարը չի ազդի ջրերի որակի վրա: Եվ եթե կան, ապա Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ևս մեկ փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ։
– Որպես մասնագետ և որպես մարդ, որը վերջին 11 տարին ծախսել է Ամուլսարի նախագծի վրա՝ հենց անելով այդ հետազոտությունները, ղեկավարելով բնապահպանական, սոցիալական ազդեցության գնահատականի ամբողջ գործընթացը, կարող եմ ասել, որ աննախադեպ աշխատանք է իրականացվել հենց այդ կամ մնացած այլ բնապահպանական, սոցիալական խնդիրներին կամ ռիսկերին անդրադառնալու վերաբերյալ։ Համապատասխան բոլոր հետազոտությունները մենք արել ենք՝ թե՛ ելակետային, թե՛ ազդեցության, թե՛ մեղմացման միջոցառումների, և վստահաբար կարող ենք պնդել, որ Ամուլսարի նախագծի արդյունքում Սևանա լիճը վտանգված չէ, ինչպես նաև՝ Ջերմուկի հանքային ջրերը։ Մեր կարծիքով՝ լրացուցիչ միջազգային փորձաքննության կարիք չկար, բայց եթե ստեղծվել է, խնդրեմ, մենք երբեք չենք ասել՝ եկեք՝ չանենք փորձաքննություն, այլ միշտ խնդրել ենք, որ փորձաքննությանը զուգահեռ՝ իրականացնենք մեր աշխատանքները։ Փորձաքննությունը թող լինի, արդյունքները կտեսնենք և կքննարկենք, բայց մենք ամեն ինչ արել ենք, որովհետև նման նախագծերում, ինչպիսին Ամուլսարն է՝ մի նախագիծ, որը ենթակառուցվածք չուներ, կանաչ դաշտում զրոյից նախագիծ ես սարքում, նման նախագծերում պետք է բավարար քայլեր անես սկզբնական փուլում։ Հետնախագծման շրջանում կան գործողություններ, որոնք պետք է արվեն, և արվել են։
– Ինչո՞ւ է նման միջազգային փորձաքննություն պահանջվում միայն Ամուլսարի համար: Դուք՝ որպես մասնագետ, կարո՞ղ եք ասել, որ փորձաքննության կարիք ունեն Հայաստանի բոլոր հանքերը:
– Միանշանակ, փորձաքննության կարիք ունեն բոլոր հանքավայրերը։ Եվ եթե ընտրվում է Ամուլսարը՝ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար, ապա ստեղծված նախադեպով մնացած հանքերում փորձաքննությունն անցկացնելը պարզապես անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Ամուլսարն ընտրվեց, որովհետև Ամուլսարի շուրջ ստեղծվեց այս իրավիճակը, հենց սկզբից իրականացվեցին մի շարք աուդիտներ, և ակնհայտ է, որ արդյունքները չբավարարեցին, և բերվեց միջազգային փորձաքննություն։ Նույն տրամաբանությամբ եթե շարժվենք, մյուս հանքերում ևս կարիք կլինի ներգրավել միջազգային փորձաքննություն՝ պարզելու իրական ազդեցությունը, որովհետև մնացած հանքերը շահագործման փուլում են, և այնտեղ փորձաքննությունը ցույց կտա իրական պատկերը։
– Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ժամանակավորապես թույլ է տալիս Ալավերդու ձուլարանի գործարկումը, չնայած արտանետումները մի քանի անգամ գերազանցում են թույլատրված սահմանները, ասում են, որ Թեղուտում ինչ–որ ռուսահայ ներդրող մեկ ամսից կվերագործարկի հանքը, Քաջարանն անցավ ստուգումներ, բայց այդպես էլ չլսեցինք՝ այնտեղ ինչ խախտումներ կան, երբ բոլորը գիտեն Արծվանիկի պոչամբարի անմխիթար վիճակի մասին։ Այսինքն՝ մյուս հանքերը շարունակում են գործել, և միակ ծրագիրը, որ չի աշխատում, Ամուլսարն է: Դուք ունե՞ք սրա համար որևէ բացատրություն:
– Ցավոք, բացատրություն չունեմ, բայց ձեր թվարկածներն արձանագրված փաստեր են, և հուսով եմ՝ մտահոգ քաղաքացիների մոտ այդ հարցերը կառաջանան։ Այդ հարցերն առաջանում են նաև միջազգային ներդրողների մոտ, որոնց հետ հաճախ ենք շփվում և ստեղծված իրավիճակից դրդված՝ մի քանի անգամ շատացել են այդ շփումները։ Բոլորն այդ հարցը տարբեր ձևերով տալիս են, հարցնում են՝ էլ ո՞վ ունի նման խնդիր, էլ ո՞վ է ձեզ նման համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչո՞ւ է ուշադրությունը միայն ձեզ վրա սևեռված։ Շատ բնական հարց եք տալիս, որի պատասխանը չունենք։
– Առաջին անգամ «Լիդիան Արմենիայի» իրավաբանական թիմը հայցեր է ներկայացնում ակտիվիստների դեմ՝ ընկերության բարի համբավն արատավորելու, ապատեղեկատվություն տարածելու համար, ինչո՞ւ եք դիմում նման քայլի։
– Միգուցե այդ հայցերն ուշացած են։ Բոլոր «Լիդիան Արմենիայի» ներսում կհաստատեն, որ, երբ նման հարց էր առաջանում, առաջինը ես էի ասում, որ պետք չէ հայց ներկայացնել, որովհետև ակտիվիստ է, իրավունք ունի, պարտադիր չէ, որ կրթված բնապահպան լինի, բայց տեսնում ենք, որ արդեն ժամանակն է, որովհետև կրկնվող զրպարտությունը, ապատեղեկատվությունը վերածվում է վախի մթնոլորտի տարածման։ Այսինքն՝ այդ մթնոլորտը տարածվում է նաև շրջակա համայնքներում, ինչը երբևիցե չի եղել։ Թող մարդիկ մի քիչ ավելի երկար մտածեն՝ մինչ զրպարտելը կամ ապատեղեկատվություն տարածելը։