«Վերցնել՝ մի գեղեցիկ երիտասարդի համար ստեղծել նախարարություն, համակարծիք չեմ». Արծվիկ Մինասյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նախարարությունների օպտիմալացման խնդրին՝ ընդգծելով, որ չի կիսում այն մոտեցումը, թե Հայաստանում պետական կառավարման համակարգի վրա կատարվում է շատ ավելի մեծ ծախս, քան այլ համադրելի երկրներում.

«Այդպես չէ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ավելի քիչ ենք ծախսում պետական, հանրային իշխանության վրա։ Ավելին, ինձ թվում է՝ մեկ-մեկ չարաշահվում է նաև այն մեխանիզմը, երբ վերցնում են մի բացասական երևույթ և սկսում տարածել ամբողջ պետական համակարգի վրա։ Ես չեմ կիսում այդ տեսակետը»։

Ըստ նախկին նախարարի՝ ծառայությունների որակը բարձրացնելու համար պարտադիր չէ նախարարությունների թիվ կամ հաստատություններ կրճատել. «Որակ ապահովելը լրիվ այլ բան է ենթադրում՝մասնագիտական կրթություն, նորմալ ծառայությունների մատուցում, տեխնոլոգիական նոր լուծումների կիրառում»։

Ինչ վերաբերում է այսօրվա մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների բողոքի ակցիային, Արծվիկ Մինասյանը հետևյալն ասաց. «Արհմիությունները թեև այդքան էլ արդյունավետ չէին գործում, բայց դրանց վերացման արդյունքում այսօր նաև աշխատակիցների իրավունքների պաշտպանության համակարգ չունենք։ Եթե լիներ, այս հարցն անպայման արհմիությունների օրակարգում կլիներ, կառավարությունը չէր կարող նման բան բարձրաձայնել, մինչև այդ գործընկերության շրջանակում չքննարկեր այս հարցերը։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ հիմա երկրորդ վատ բանն է տեղի ունենում, չի կարելի աշխատակիցներին ասել, որ հունվարի 1-ից ազատված եք աշխատանքից, դա հակաօրինական է»։

Արծվիկ Մինասյանն ընդգծեց՝ անհրաժեշտ է թույլ չտալ նախկինում թույլ տրված սխալները։

«Վերցնել՝ մի գեղեցիկ երիտասարդի համար ստեղծել նախարարություն, համակարծիք չեմ, ինչքան էլ բարձր գնահատեմ անձի դերն ու նշանակությունը։ Ֆունկցիոնալ պետք է մոտենանք: ՏՏ ոլորտի առանձին նախարարություն մեզ հարկավոր չէ, տեղեկատվական տեխնոլոգիաները բոլոր ոլորտներում էլ պետք է լինեն, չի կարող այն առանձին լինել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և Գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն Կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ՝ շարունակելու են գործել Ֆինանսների, Արդարադատության, Առողջապահության ու Բնապահպանության նախարարությունները։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս