Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն:
«Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն է մնում»,- ասել է Լուազոն CNews հեռուստաալիքի եթերում: Նախարարը նշել է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: «Ահաբեկչության դեմ պայքարն ավարտված չէ: Մեծ հաջողություններ են արձանագրվել, դա ճիշտ է, մենք Սիրիայում շատ բան ենք արել կոալիցիայի հետ միասին, սակայն պայքարը շարունակվում է, մենք այն կշարունակենք՛»,- հավելել է Լուազոն:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել զորքերն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից, որտեղ գտնվում է 2 հազար ամերիկացի զինծառայող: Թրամփը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը հաղթանակ է տարել ԻՊ-ի նկատմամբ, ինչը Սիրիայում ամերիկյան զորակազմի գտնվելու միակ նպատակն էր:
Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Դեմոկրատ սենատոր Լինդսի Գրեմը, որին ընդունված է համարել Թրամփի կողմնակիցը, Twitter-ում հանդես է եկել այդ որոշման քննադատությամբ:
«Սիրիայից ոչ մեծաքանակ ամերիկյան ուժերի դուրսբերումը հսկայական սխալ կլինի Օբամայի ոճով»,- գրել է նա: Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորկերը հայտարարել է, որ «չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ», նշելով, որ կսպասի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի պարզաբանումներին: Նախագահի որոշման քննադատությամբ հանդես են եկել դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ջեկ Ռիդը:
«Տագնապալի հաղորդումներն այն մասին, որ նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ի զորքերն ու Պետդեպարտամենտի աշխատակիցներին անհապաղ դուրս բերել Սիրիայից առանց որեւեիցե պլանի եւ իրադրության կայունացման միջոցառումների, այն բանի հերթական վտանգավոր օրինակն է, որ վարչակազմը չունի ռազմավարություն»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: