«Արմենպրես»-ն անաչառ և հավաստի լրատվությամբ կշարունակի նպաստել Հայաստանի մասին արժանահավատ տեղեկատվության մատուցմանը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Այս մասին նշված է «Արմենպրես» լրատվական գործակալության 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

«Սիրելի «Արմենպրեսականներ»,

Ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ: Գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Գործակալության հարուստ արխիվային նյութերում պահպանվում են մեր երեք հանրապետությունների կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր կարևորագույն իրադարձություններին վերաբերող տեղեկատվություններ ու լուսանկարներ, որոնք մեր երկրի վավերագրական ժառանգության կարևոր մասն են:

Արժևորելով «Արմենպրես»-ի անցած ուղին՝ վստահ եմ, որ գործակալությունն իր անաչառ և հավաստի լրատվությամբ կշարունակի նպաստել ինչպես մեր երկրի ներսում այնպես էլ դրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության մասին արժանահավատ տեղեկատվության մատուցմանը, քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչ հանրային կարևոր նշանակություն ունեցող հարցերի բարձրաձայնմանն ու լրատվական դաշտի շարունակական զարգացմանը:

«Արմենպրես»-ի ողջ անձնակազմին մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ հետագա պատասխանատու գործունեության մեջ»,- շնորհավորական ուղերձում նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Տեսանյութեր

Լրահոս