Արթուր Ղազինյանը նոր ցենտրիստական քաղաքական ուժ է ձևավորում
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ անհրաժեշտ է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։
Այս հրամայականը առավել արդիականություն է ձեռք բերում նախ և առաջ այն Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված իրողությունների համատեքստում։
Փաստացի նոր Սահմանադրության գործարկման արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է մի այնպիսի մեկնարկային դիրքում, երբ քաղաքական կուսակցությունները ամբողջովին պետք է լծվեն ձևավորվելիք և վերափոխման ենթակա քաղաքական համակարգի բովանդակային հագեցման բարդագույն խնդրին։
Բովանդակային հագեցում ասելով նախ և առաջ ի նկատի ունեմ նոր քաղաքական մշակույթի ձևավորում, նոր կուսակցական համակարգ և կուսակցականության դերակատարման և առաքելության առավել ամրացում և բյուրեղացում։
Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա:
Կուսակցություններ և քաղաքական ուժեր, որոնք բացարձակապես ձևավորված և ադապտացած են նախորդ քաղաքական համակարգի խաղի կանոններին՝ որոնք «քաղաքական» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։
Անհրաժեշտ է փաստել, որ ներկայիս կուսակցությունների գերակշռող մասի գաղափարական հենքերը շատ հեղհեղուկ են և էպիզոդիկ, եթե չխոսեմ բացառապես իշխանություն դառնալու ձգտման մասին։
Հայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով նվազում է պետության և պետականության ընկալման կարևորությունը և դրա փոխարեն անընդմեջ շահարկվում և չարչկվում է «ժողորդրդի» գործոնը՝ աստիճանաբար ավելացնելով պոպուլիզմի բաղադրիչը հրապարակային հռետորաբանության մեջ՝ ի հաշիվ պետության և պետականության ամրապնդման բաղադրիչի։
Սա մի ճանապարհ է, որտեղ քաղաքական կոնտենտ ստեղծող գլխավոր սուբյեկտները հարկադրված են լինելու անտեսել արդեն գոյություն ունեցող պետականության և նրա ինստիտուտների կենսական նշանակությունը՝ դրա իրավահաջորդության, քաղաքական իշխանության սահուն և անցնցում փոխանցման, էվոլյուցիոն կայուն զարգացման կարևորագույն առաքելությամբ։
Ցավով պետք է նշեմ, որ մեր կուսակցական համակարգին և մշակույթին հատուկ է լիդերակենտրոնությունը և պսեվդոգաղափարական պատկանելիությունը, որոնք, պետք է խոստովանեմ, հաճախ չեն հաջողում քողարկել այդ լիդերների իշխանատենչությունը….
Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշումը, հայտարարում եմ վերը նշված գաղափարները կիսող և արժևորող համախոհների հետ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին»։
Սիրելի Հայրենակիցներ,Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գնալով համոզվում եմ, որ…
Gepostet von Artur Ghazinyan/Արթուր Ղազինյան am Dienstag, 18. Dezember 2018