Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել չորս սանձի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի:
Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել և յուրաքանչյուր ամիս առերևույթ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների մասնակցության վերաբերյալ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներ ստորագրել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կազմված կեղծ նպաստառուների անվան դիմաց և ստացած գումարներից վերցնելով իրենց հասանելիքը՝ մնացած մասը փոխանցել են տվյալ գործակալության աշխատակիցներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության երկու՝ նախկին և ներկա աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը բավարարվել է՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: