«Արցախյան մեր քաղաքականությունը գլխիվայր պետք է շուռ տրվի». Արման Նավասարդյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին։

«Մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երևանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սե՛րժ, տուր այդ 5 շրջանները: Ի՞նչ իմաստ ունի դրանք պահել, երբ դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:

«Սկսած 1994 թվականի համաձայնագրից՝ ՀՀ ղեկավարությունը գնացել է տարածքներ հանձնելու ճանապարհով: Իսկ հիմա հայտարարում են այն, ինչը չի եղել: Եթե իրենք պնդեին՝ Սերժ Սարգսյանն ուզած-չուզած՝ կգնար այդ քայլին: Նույն «Մադրիդյան սկզբունքներն» իրենք են ստորագրել, չէ՞: Հարց է, թե ինչի՞ դիմաց էին տալիս տարածք… ոչ մի բանի: Ինձ թվում է՝ արցախյան մեր քաղաքականությունը գլխիվայր պետք է շուռ տրվի: Ասում ենք, թե Արցախի ժողովուրդն ինքնորոշման խնդիր է բարձրացնում, բայց ազգային ինքնորոշման հարց դնում է այն ժողովուրդը, որը գտնվում է  օտար հողերի վրա: Հիմա Ռուսաստանը կամ Ֆրանսիան որ ինքնորոշման համար հանդես գան, կծիծաղեն նրանց վրա՝ ասելով, թե՝ դուք ձեր հողի վրա ինքնորոշո՞ւմ եք պահանջում: Իսկ այն հողերը, որոնց մասին խոսում ենք, ախր ամբողջն Արցախինն են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հարցին, արդյո՞ք հիմա էլ Փաշինյանի նկատմամբ են տարածքների հետ կապված ճնշումներ լինելու, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Փաշինյանը չի գնա զիջումների, հո գլխից ձեռք չի՞ քաշել: Նա նման բան չի անի»:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը նաև մատակարարում է Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է, Արման Նավասարդյանը նկատեց. «Դե հա… մենք չենք գնել, քանի որ փող չենք ունեցել: Ռուսաստանը մեզ գրեթե անվճար է տալիս զենքերը»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս