«Ռուսաստանը մտահոգություն ունի, որ այդ կենսաբանական լաբորատորիաները կարող են օգտագործվել իր դեմ». Արման Նավասարդյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  դեկտեմբերի 17-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռազմավարական գործընկեր Հայաստանում ամերիկացիները կառուցեն 3 կենսաբանական լաբորատորիաներ, հայտնել է, որ Հայաստանի հետ ավարտական փուլում է գտնվում փաստաթղթի նախապատրաստման նախագիծը, որը կերաշխավորի, որ այնտեղ չլինեն օտարերկրյա զինվորականներ, և որը կերաշխավորի, որ այդ ամենը թափանցիկ լինի։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությունը՝ ասաց, որ ինֆորմացիան կիսատ-պռատ  են տալիս:

– Օտար ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում դեռևս 2013 թվականին ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ արգելված էր: Սա կոնկրետ վերաբերում է այն կենսաբանական լաբորատորիաներին, որ ամերիկացիները սարքել են այստեղ: Ռուսաստանը մտահոգություն ունի, որ դա կարող է օգտագործվել իր դեմ՝ ռազմական նպատակներով: Եվ դրա համար Հայաստանն ասաց՝ խնդրեմ, եկե՛ք նայեք: Այնպես որ, կարծում եմ՝ սա ամրագրում է այն պայմանավորվածությունը, որն արդեն եղել է: Այն մեծ վտանգ չի պարունակում,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ի երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այդ կապակցությամբ ասել էր. «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս