«Արցախում սա առաջին ու վերջին փոփոխությունը չէ». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ երեկ է վերադարձել Արցախից, և ի տարբերություն Հայաստանի՝ այնտեղ այլ տրամադրություններ են՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Ըստ նրա՝ այն անհանգստությունները և մեկնաբանությունները, որոնք արվել են վերջին շրջանում Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանի հեռանալուց հետո, այդքան էլ տեղին չեն, քանի որ այն բնականոն գործընթաց է, որը տեղի է ունենում պետության ներսում, և սա Արցախում առաջին ու վերջին փոփոխությունը չէ։

Նա նկատեց, որ բազմիցս կոչ է արել վերլուծաբաններին, որ Արցախի հետ կապված խնդիրներում ուշադիր և նրբանկատ լինեն և չասեն այնպիսի բաներ, որոնք Արցախի իրականության հետ որևէ կապ չունեն։

«Արցախ կատարած այցիս ժամանակ հանդիպել եմ բոլորի, առաջին հերթին՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ոչ թե իրավիճակը հասկանալու համար, քանի որ ի սկզբանե գիտեմ, թե այնտեղ ինչ մթնոլորտ է, այլ ևս մեկ անգամ զրուցելու և հայաստանյան փորձագետներին փոխանցելու, որ բավական է Արցախի վերաբերյալ հայտնել անհիմն մտքեր, որոնք չեն կարող օժանդակել ո՛չ Արցախի հիմնախնդրի լուծմանը, ո՛չ Հայաստան-Արցախ հարաբերություններին»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Արցախում ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է, և այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, իրականացվում են անկախ պետականության պայմաններում, ուստի առանց Արցախի իշխանությունների գիտության՝ ոչինչ տեղի չի ունենում։

Այդուհանդերձ, նա չբացառեց, որ կան որոշակի խնդիրներ, որոնց հետ կապված՝ տեղի են ունենում քննարկումներ և կայացվում են որոշումներ, որոնք  գուցե կոնսենսուսային են այն պատճառով, որ մինչև միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը, նա Հայաստանի կողմից ունի երկու ակնկալիք՝ անվտանգության և տարածքային ամբողջականության հետ կապված։

«Այո, Արցախը որոշակի բաներ անում է Հայաստանի միջոցով, բայց ինչ մնում է ներքին կյանքին՝ կադրային փոփոխություններ, սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրներ, դրանք լուծվում են բացարձակապես Արցախում, իհարկե, Հայաստանի հետ խորհրդակցաբար։ Շատ հարցեր, որոնք Հայաստանում են լուծվում, հաշվի են առնում Արցախի տեսակետը, և բոլոր խնդիրներում Արցախն ունի խոսքի իրավունք»,- շեշտեց Գառնիկ Իսագուլյանը։

Նա վստահեցրեց, որ ԱՀ ՊԲ արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի անունը դեռ շատ կլսեն, որին այսօր վստահվել է շատ լուրջ բնագավառ՝ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը, որը կարիք ունի հետագա ուժեղացման և զարգացման, ավելին, ապագայում բոլորը համոզվելու են, որ ծառայությունը մեծ դերակատարություն է ունենալու բազմաթիվ հարցերում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս