«Փափուկ ուժի գործոնը պետք է արտահայտվի քաղաքացիական հասարակության հետ շփումներում, ԶԼՄ-ներում». ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը անցնող տարին Հայաստանում բավականին հագեցած է որակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա եղբայրական հայ ժողովրդին մաղթեց կայունություն, զարգացում, առկա խնդիրների լուծում, հաջողություններ մաղթեց նոր խորհրդարանին, ձևավորվելիք կառավարությանը, որպեսզի նրանք լինեն հայ ժողովրդի սպասումների և վստահության բարձրության վրա:
«Ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին իր խնդիրների լուծման գործում և ամեն ինչ կանի, որ երկկողմ հարաբերությունները զարգանան ու բարձրանան այն մակարդակին, որը պահանջում են նոր իրողություններն ու ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի խնդիրները»,- ասաց Ս.Կոպիրկինը՝ կարևորելով, որ ՀՀ ներքաղաքական զարգացումները չբերեն երկկողմ հարաբերությունների փոփոխությունների, որ կրում է ռազմավարական բնույթ:
Ըստ նրա՝ դա են վկայում բարձր մակարդակի երկխոսությունը, առևտրային գործընկերությունը: Դեսպանը մանրամասն թվարկեց ՀՀ և ՌԴ ղեկավարների ակտիվ շփումները՝ երկկողմ հանդիպումներ, տարբեր միջազգային հարթակներում շփումներ, հեռախոսային զույցներ և այլն:
Դեսպանը նշեց, որ իրենց աշխատանքի արդյունավետության մասին ավելի լավ կարող է դատել հայ ժողովուրդը. «Փափուկ ուժի գործոնը պետք է արտահայտվի քաղաքացիական հասարակության հետ շփումներում, ԶԼՄ-ներում: Այն, ինչ իրականացվում է, իհարկե, բավարար չէ, և տարբեր կառույցներ տրամադրված են, որ ակտիվ զարգացող կապերը նոր մակարդակի բարձրանան հայ ժողովրդի բոլոր շերտերի հետ: Ես կարծում եմ, որ այս առումով դրական կազդի Հայաստանի զբոսաշրջային մեծացող գրավչությունը: Հայաստանը ամանորյա տոներին ռուս զբոսաշրջիկների սիրելի վայրն է»: